Արմինֆո. ԱՄՆ հակաիրանական նախաձեռնություններին Ադրբեջանի աջակցությունը և միացումն այլընտրանք չունեն, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի հումանիտար հետազոտությունների միության տնօրեն Ավազ Հասանովը:
«Կարող եմ ասել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ շատերին զարմացրեց: Մերձավոր Արևելք իր այցով ԱՄՆ նախագահը փաստացի արաբական և մահմեդական աշխարհի երկրների հետ Վաշինգտոնի հարաբերություններում նոր դարաշրջան նշանավորեց»,- նշել է նա:
Ըստ կոնֆլիկտաբանի, ԱՄՆ-ը փաստացի երկրորդ պլան է մղել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պահպանման իր պարտավորություններն ու սեփական քաղաքականությունը՝ Իրանի, «Իսլամական պետության» և «Ալ-Քայեդայի» դեմ միության ստեղծմանը հասնելու նպատակով:
Հասանովը գտնում է, որ այսուհետ ԱՄՆ համար առաջին պլանում փոխշահավետ ֆինանսական գործարքներն են, համատեղ ներդրումային նախագծերը և ահաբեկչական սպառնալիքին հակազդման միջոցառումները:
Այս առումով նշելով արաբա-իսլամա-ամերիկյան գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի հայտնվելու փաստի առնչությամբ ընդդիմախոսների քննադատությունը՝ Հասանովն Ալիևի այցը գնահատում է որպես Ադրբեջանի քաղաքականության բազմավեկտորության և ճկունության վկայություն:
«60 մահմեդական երկրների առաջնորդների հավաքն արաբա-իսլամա-ամերիկյան գագաթնաժողովին վկայում է այն մասին, որ այլ ճանապարհ, քան ԱՄՆ հակաիրանական նախաձեռնություններին աջակցելը և միանալը, Ադրբեջանը չունի: Եվ դա չնայած մեր տարածաշրջանի վրա Իրանի սպասվող լուրջ ազդեցությանը, ինչի հետևանքով կարող են տուժել նաև Ադրբեջանի շահերը»,- ասել է ադրբեջանցի կոնֆլիկտաբանը: