Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» ՀԿ փակմանն ու Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին այդ իրադարձությանը:
«Տարակուսանքով ենք ընդունել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության արտահայտությունները «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ն լիկվիդացնելու մասին ՌԴ Գերագույն դատարանի որոշման առնչությամբ, ինչը պայմանավորված էր դաշնային օրենսդրության բազմաթիվ խախտումներով։
Ուշադրություն ենք դարձրել ռուսաստանյան ներքին քաղաքականության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի ելույթին, որում հնչել են մեր երկրում «ազգամիջյան հարաբերությունների հավասարակշռության, բարեփոխումների հայեցակարգի ու միջմշակութային երկխոսության հեռանկարների» մասին արտահայտություններ։ Նման հայտարարություններն անտեղի ենք համարում։ Ռուսական հասարակական կազմակերպության նկատմամբ ռուսական դատարանի վճիռը որպես Ադրբեջանի նկատմամն «ոչ բարեկամական քայլ» գնահատելը տարօրինակ է թվում: Ցավալի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը օգտագործում ու հրապարակավ հնչեցնում է մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ինչ -որ «հայկական հետքի» մասին վարկածներ», - Հայտարարել է Զախարովան նախօրեին կայացած ճեպազրույցում։
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան ոչ մի կասկածելի խորհրդի կարիք չունի այն մասին, թե ինչպես երկրում կառուցել ազգամիջյան հարաբերություններ։ «Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ յուրաքանչյուրի իրավունքները ապահովվում ու պաշտպանվում են՝ անկախ նրա ազգությունից։ Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները՝ մշակութային- ազգային հասարակական միավորումների ինքնակազմակերպման ու լիարժեք գործունեության համար: Մասնավորապես, Ռուսաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների շահերը ներկայացնում են 260-ից ավելի ոչ առևտրային կազմակերպություններ», - հայտարարել է Զախարովան, ընդգծելով, որ Ռուսաստանում մեծապես կարևորում են Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը: Նա նաև համոզմունք է հայտնել որ իր խոսքերը վնաս չեն հասցնի ռուս-ադրբեջանական հարաբերություններին։
Մայիսի 15-ին ՌԴ գերագույն դատարանը բավարարել էր «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» ՀԿ լուծարման վերաբերյալ ՌԴ արդարադատության նախարարության հայցը` դրա կանոնադրության ՌԴ օրենսդրությանը չհամապատասխանելու առնչությամբ: «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» լուծարումը հակազդեցություն է հարուցել Ադրբեջանում, որտեղ չեն հապաղել «հայկական հետք» տեսնել այդ հարցում: