Արմինֆո. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը չպետք է շաղկապվի Լեռնային Ղարաբաղի հետ, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը` պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հնարավոր հետևանքների վեևրաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին:
«Հենց դա է դրված ցյուրիխյան արձանագրությունների հիմքում: Կարծում եմ, որ հարկավոր է մշակել այնպիսի արձանագրություն, որը շրջանցի ղարաբաղյան հակամարտությունը և 1915 թվականի ողբերգական իրադարձությունները: Իհարկե, խնդիրները պետք է կարգավորվեն` տարածաշրջանում տևական և խաղաղ հարաբերություններ ունենալու նպատակով, սակայն, կարծում եմ, որ մենք չպետք է սպասենք այդ կարգավորմանը: Կարծում եմ, որ կարգավորման գործընթացը պետք է սկսվի այսօր», - ասել է դիվանագետը:
Անդրադառնալով առանց որևէ կանխապայմանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ցյուրիխյան արձանագրություններին` ընդհանուր առմամբ, Լորենցը նշել է, որ երկու երկրների խորհրդարաններից արձանագրությունների հետ կանչումը չի նշանակում, թե դրանք դադարում են գոյություն ունենալ: Նրա ասելով, արձանագրությունները կարող են վերակենդանացվել ամեն պահի: «Երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունները ներկայացնելու համար ոչ մի լուրջ խոչընդոտ չկա: Ես հիշում եմ, թե ինչպիսին էին Գերմանիայի և Լեհաստանի հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն այսօր լեհ և գերմանացի հասարակությունների միջև ստեղծվել են բարեկամական հարաբերություններ: Ես կարծում եմ, որ քաղաքական լուծումը բավական չէ հարաբերությունները կարգավորելու համար, դուք նաև պետք է երկխոսություն սկսեք երկու հասարակությունների միջև», - ասել է եվրոպացի դիվանագետը: Նա ընդսմին հիշեցրել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնել են քաղաքական երկխոսության` ներառյալ հարևան Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցը: «Հայաստանը քաղաքական երկխոսություն պետք է վարի Թուրքիայի և մեր բոլոր գործընկերների հետ: Ես կարծում եմ, որ բաց սահմաններն օգտակար լկլինեն հայ և թուրք հասարակությունների համար: Ես լավատեսական եմ համարում հայ-թուրքական հարաբերությունների ապագան, մենք միշտ ակնկալում ենք լավագույնը, հատկապես` Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեից հետո», - եզրափակել է Դիրկը:
Հիշեցնենք, որ Հյաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերություններ զարգացնելու շուրջ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը երկու երկրների խորհրդարաններում անորոշ ժամակով սառեցված է, քանի որ Թուրքիան սկսել էր տարբեր նախապայմաններ առաջ քաշել, և 2015 թվականի փետրվարին Հայաստանի նախագահի կարգադրոթյամբ դրանք հետ կանչվեցին Ազգային ժողովից: