Արմինֆո. «Տարածքային համաչափ զարգացումը պահպանելով որպես երկարաժամկետ նպատակ՝ անհրաժեշտ է կարճ և միջին ժամկետներում առկա ոչ մեծաքանակ ռեսուրսներն ուղղել ավելի պատրաստված և նախադրյալներ ունեցող տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Դրանք իրենց հերթին կբերեն տեղային աճի կենտրոնների ձևավորմանը՝ աստիճանաբար տարածվելով և հանգեցնելով երկարաժամկետ տարածքային համաչափ զարգացմանը», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովին հղած իր ուղերձում։Միևնույն ժամանակ, նախագահը համոզմունք է հայտնել, որ առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր խնդիր մնալ:
«Հայաստանի Հանրապետությունում հատկապես անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։ Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու և, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը: Միաժամանակ, էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որպեսզի հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի, եթե այդ աճի արդյունքների վերաբաշխման համակարգն արդար և թափանցիկ չէ, զգալի չէ յուրաքանչյուր քաղաքացու համար և չի ապահովում աղքատության ցուցանիշի կրճատում», - նշել է Սերժ Սարգսյանը:
Նշելով, որ աղքատության կրճատման ուղիներից են զանազան նպաստների տրամադրման համակարգերը կամ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է: «Այդ պարագայում յուրաքանչյուրը կբարելավի իր և իր ընտանիքի բարեկեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը: Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս:
Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր և իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը: Այս նպատակով պետք է հետևողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչև 2022 թվականը և 300 տոկոսի՝ մինչև 2040 թվականը: Միևնույն ժամանակ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակներից: Մասնավորապես, պետք է հասնենք այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը», - ընդգծել է նախագահը:
Նրա ասելով, նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են: «Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:
Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի», - հայտարարել է հայոց պետության ղեկավարը: