Արմինֆո. Ադրբեջանն անվտանգության ուժեղացված ռեժիմ է մտցնում ճակատամերձ գոտու բնակավայրերում, մայիսի 16-ին այդ մասին հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Կանոնների բովանդակությունը չի հրապարակվում, իսկ հրամանագրում նշված խնդիրների լուծումը հանձնարարվել է կառավարությանը:
Նշենք, որ վերջին ժամանակներս իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Ադրեջանի զինված ուժերը մշտապես սադրանքների են դիմում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: