Արմինֆո. Հայ լրտեսների և Բաքվում իբր նախապատրաստվող հեղաշրջման մասին խոսակցությունները Ադրբեջանում իշխանության համար ներիշխանական պայքարի մաս են հանդիսանում: Ցավոք, դա նույնիսկ ընդդիմության և իշխանության միջև պայքարի մաս չէ, գտնում է ադրբեջանցի տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին:
«Տպավորություն է ստեղծվում, որ հենց իշխանության ներսում որոշակի խմբեր տեղեկատվություն են տարածում միմյանց դեմ: Կարծում եմ՝ դա ավելի շուտ իշխանության ներսում կոմպրոմատների պատերազմի արդյունք է»,- գտնում է տնտեսագետը:
XXI դարում «Ազադլիղ»-ի, «Թուրան TV»-ի և «Մայդան TV»-ի փակումը, ըստ Ջաֆարլիի, ամոթալի է երկրի համար, տիպիկ սովետական մոտեցում: Նա արդյունավետ չի համարում այդ քայլը՝ այն երկրի հեղինակությանը հասցված մեծ հարված համարելով: Տնտեսագետը նման քայլերը համարում է Ադրբեջանում տնտեսական վիճակի վատթարացման հետևանք: Միաժամանակ իրավիճակն, ընդհակառակը, պետք է հանգեցներ կառուցվածքային, տնտեսական, քաղաքական լուրջ բարեփոխումների:
«Էխո Կավկազա»-ին հարցազրույցում տնտեսագետը հայտարարել է, որ նման իրադրությունում կարող է պատահել ինչ ասես՝ ձերբակալությունների նոր ալիք, իրավիճակի սրացում ռազմաճակատային գոտում: Իշխանությունները, ըստ նրա, ամեն կերպ ձգտում են լռության մատնել խնդիրները՝ կարծելով, որ եթե ոչ ոք չգրի ու չխոսի այդ մասին, դրանք իրենք իրենց կանհետանան:
«Բայց դրանք չեն անհետանում, այլ՝ ավելի ու ավելի են շատանում, քանի որ երկրին անհրաժեշտ են շատ ուժեղ տնտեսական և քաղաքական կառուցվածքային բարեփոխումներ, հատկապես դատական բարեփոխում, քանի որ ցանկացած ներդրողի և գործարարի առաջին հերթին անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է գործում երկրի ֆինանսական համակարգը և ինչպես է աշխատում իրավական համակարգը: Ներկայումս թե ֆինանսական, թե իրավական համակարգում մեծ խնդիրներ կան, քանի որ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են տնտեսությունում, որևէ իրական արդյունք չեն տալիս»,- ամփոփել է ադրբեջանցի տնտեսագետը: