Արմինֆո. «Ադրբեջանը մեծ խնդիրներ ունի. բյուջեն ու եկամուտները տարեցտարի նվազում են: 2017 թվականի բյուջեն դոլարային արտահայտությամբ ամենափոքրն է վերջին 10 տարում, մենք, փաստորեն, վերադարձել ենք 2007 թվին», - կարծում է ադրբեջանցի տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին:
«Երկրի տնտեսությունը շատ վատ վիճակում է, և դրա առողջացման համար հարկավոր են կառուցվածքային բարեփոխումներ: Սակայն, կառավարությունը դրան չի գնում, քանի որ չի ցանկանում հատկապես կառավարման համակարգի ուղղությամբ որևէ բան ձեռնարկել: Չեմ կարծում, թե առաջիկայում նման քայլեր կատարվեն, քանի որ կառավարման համակարգի բարեփոխումը հղի է ներիշխանական խմբավորումների դժգոհությամբ, ինչն իր հերթին կարող է մեծ խնդիրներ առաջացնել իշխանությունների համար», - նշել է նա:
Ջաֆարլին Ադրբեջանի միջազգային բանկի սնանկացումը համարում է երկրի ընդհանուր խնդիրների մի մասը, նշելով, որ այդ բանկը տարիներ շարունակ խնդիրներ է ունեցել: Տնտեսագետի ասելով, վերջին ամիսներին պետությունը 10 մլրդ մանաթ է հատկացրել ներքին պարտքերի մարման և բանկի հաշվեկշիռց թունավոր վարկերի դուրս բերման համար, սակայն դրանք բոլորը մաքրել չի հաջողվում, և արդեն այսօր բանկը չի կարողանում կատարել իր միջազգային պարտավորությունները:
«Էխո Կավկազա»-ում հրապարակված հարցազրույցում տնտեսագետն Ադրբեջանի ֆինանսական, բանկային համակարգի վիճակն ավելի լավ չի համարում, քան` Ադրբեջանի միջազգային բանկի վիճակը: Նրա ասելով, անմխիթար վիճակում են առևտրային բանկերը, որոնց անվերադարձ վարկերը հասնում են 50%-ի: Այդ լույսի ներքո Ադրբեջանի միջազգային բանկում տեղի ունեցողը Ջաֆարլին համարում է այն բանի առաջին ծիծեռնակը, ինչ տեղի կունենա ֆինանսական համակարգում` ամբողջությամբ վերցրած:
Մեկնաբանելով Մալթայում SOCAR-ին առնչվող կոռուպցիոն սկանդալի շուրջ առկա իրավիճակը` ադրբեջանցի տնտեսագետը նշել է, որ Ադրբեջանի նավթի պետական ընկերությունը լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես, մեծ արտաքին պարտքը շուրջ 8 մլրդ դոլար է, որը վերցվել է պետական երաշխիքով: Նրա հավաստմամբ, SOCAR-ն այժմ որոնում է առնվազն ևս 4-5 մլրդ դոլար` իր որոշ նախագծեր ավարտելու համար:
«Սակայն ես չեմ կարծում, թե պետությունը թույլ կտա, որպեսզի երկրի տնտեսության լոկոմոտիվ SOCAR-ը սնանկանա: Ուստի SOCAR-ին ամեն կերպ կաջակցեն, և ես նրա մոտալուտ սնանկացում չեմ ակնկալում: Դա, պարզապես, թույլ չեն տա, և ոչ միայն երկրի հեղինակության, այլ այն պատճառով, որ SOCAR-ը տնտեսության հիմնական լոկոմոտիվն է, և դրա սնանկացումը կհանգեցնի տնտեսական ողջ համակարգի համընդհանուր կոլապսի», - ամփոփել է ադրբեջանցի տնետսագետը: