Արմինֆո. ՀՀ ԱԺ պատգամավոր Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նկատմամբ իրեն պահել է անթույլատրելի, գտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Քվեարկության օրը յուրաքանչյուր կուսակցություն կազմակերպում է իր աշխատանքը, այդ թվում`նախընտրական շտաբների միջոցով: Ներթափանցել նախընտրական շտաբներ,
խանգարել նրանց աշխատանքներին, թույլ չտալ, որպեսզի այդ գործընթացին մասնակցող որևէ այլ կուսակցություն լիարժեք իրականացնել իր պասիվ ընտրական իրավունքը և այլն: Պետք է նշեմ, որ նման արարքն անթույլատրելի է», - ասել է Մուկուչյանը` մեկնաբանելով Փոստանջյանի ներթափանցում Ավանում գտնվող ՀՀԿ շտաբը:
Նշենք, որ Հայաստանի ոստիկանությունն այսօր, Երևանի Ավան համայնքում, բռնություն է կիրառել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով, համաձայն ՀՀ գործող օրենսդրության, օգտվում է անձեռնմխելիության կարգավիճակից: Մի քանի ոստիկաններ, նրան բռնի ուժով Փոստանջյանին դուրս են հրել ՀՀԿ նախընտրական շտաբից և բառացիորեն նրան քարշ են տվել մայթով դեպի ոստիկանական մեքենան: Ոստիկանների ձեռքից ազատվելու Փոստանջյանի բոլոր փորձերն անցել են ապարդյուն, երեք ոստիկան ամուր բռնել էին նրան և շարունակում էին քարշ տալ դեպի մեքենան: Պատգամավորի ձայներն ու բողոքները մնացել են օդի մեջ: Այնուամենայնիվ, ոստիկաններին չի հաջողվել պատգամավոր նստեցնել մեքենան, բայց նրա դստերը նրանք կարողացել են տանել Նոր Նորքի ոստիկանություն:
Միջադեպի պատճառն էր այն փաստը, որ Զարուհի Փոստանջյանը, ահազանգ ստանալով այն մասին, որ Ավանի ՀՀԿ շտաբում ընտրակաշառք են բաժանում և կազմում համապատասխան ցուցակներ, իր դստեր հետ շտապել է այնտեղ: Բայց շտաբի աշխատակիցները հասցրել են թաքցնել ցուցակները, իսկ դրանք ստանալու Փոստանջյանի բոլոր ջանքերն անցել են ապարդյուն:
Հատկանշական է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները հստակ գործել են հօգուտ հանրապետականների, Փոստանջյանին, նրա կողմնակիցներին և նույնիսկ լրագրողներին պահանջելով լքել տարածքը, հավաստելով, որ իրենք կհարթեն իրավիճակը:
Երբ Երբ Փոստանջյանը հայտարարել է, որ չի վստահում Ոստիկանությանը, «իրավակարգի պաշտպաններից» մեկը հավաստիացրել է. «Դա Ձեր խնդիր է, մեզ վստահում է ողջ ժողովուրդը»: Երբ պատգամավորը փորձել է բացել արկղը, որտեղ պահվել են ցուցակները, ոստիկաններն ակնթարթորեն արձագանքել են և դուրս հանել նրան շտաբից: Հատկանշական է նաև, որ ոստիանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին՝ թույլ չտալով նրանց նկարահանել կատարվածը: Երբ շենքում մնացել են միայն ՀՀԿ ներկայացուցիչները, նրանք հանել են թղթերը արկղից և արագ հեռացել անհայտ ուղղությամբ: