Արմինֆո. ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեկնաբանել է թիվ 9/46 ընտրատեղամասում ոստիկանության կողմից չհրկիզվող պահարանի տեղաշարժման վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը:
Աշոտ Ահարոնյանի հավաստմամբ, ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որեւէ առնչություն չունեցող պահարան: «Այս իրողությունը հաստատել է նաեւ ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչը», - գրել է Ահարոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորել է ձեռնպահ մնալ չստուգված և, առավել ևս, կեղծ տեղեկատվության միջոցով հասարակայնությանը մոլորության մեջ գցելու պրակտիկայից:
Նախօրեին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ տեսախցիկների միջոցով հետևելով տեղամասային ընտրական հանձնաժողովներում տիրող իրավիճակին, կուսակցության ներկայացուցիչները հայտնաբերել էին, որ 13.05.2017թ. ժամը 21:30-դրությամբ, թիվ 9/46 ընտրատեղամասում երեք ոստիկան տեղաշարժել են սեյֆը, բացել սեյֆի դուռը և այն տեղափոխել տեսախցիկից անտեսանելի վայր: «Տեսախցիկների մջոցով տեսնում ենք նաև, որ Ավան համայնքում թվով 23 ընտրատեղամասից 12-ում սեյֆ չկա, համենայն դեպս տեսախցիկի առջև տեղադրված չէ: Չորրորդ ընտրատածքի տեղամասերում տեսախցիկներն անջատվեցին: Պահանջում ենք պատկան մարմիններից հաշվետվություն իրավիճակի վերաբերյալ», - ասվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում: