Արմինֆո. «Ելք» դաշինքի առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս փաստաթղթեր, որոնք, նրա խոսքով, ձեռք են բերվել Կոմիտաս 56 հասցեում գտնվող Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից:
Ինչպես պատմել է Փաշինյանը, նկատելով հիշյալ հասցեում ՀՀԿ նախընտրական շտաբի մոտ մարդկանց կուտակում՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հսկողություն են իրականացրել: Տեսնելով շտաբից պարկով դուրս եկող մի կնոջ՝ հետևել են նրան և նկատել, որ նա պարկը թողել է աղբամանի մոտ: «Մեր ներկայացուցիչները բացել են պարկը և բավական հետաքրքիր փաստաթղթեր գտել այնտեղ»,- նշել է Փաշինյանը:
Փաստաթղթերից մեկն իրենից ներկայացրել է «կաշառք բաժանելու» ինստրուկցիա ՀՀԿ ակտիվիստների համար: Ըստ որում, ինչպես հավաստիացրել է Փաշինյանը, ներկայացված են բոլոր քայլերը՝ սկսած այն բանից, թե ինչպես պետք է ողջունել, վերջացրած այն բանով, թե ինչպես աշխատել ընտրողի հետ, որպեսզի վերջինս, վերցնելով գումարը, «ճիշտ» ընտրություն կատարի: «Ինստրուկցիայում ասվում է, որ կաշառք պետք է տալ՝ ընտրողի հետ առանձնանալով լոգարանում կամ ննջասենյակում՝ հնարավոր տեսահսկողությունից խուսափելու համար»,- հավաստիացրել է Փաշինյանը:
Մյուս փաստաթղթերում, Փաշինյանի հավաստմամբ, նշված են այն
ակտիվիստների անունները, ովքեր պարտավորվելով ապահովել ՀՀԿ օգտին ձայների որոշակի քանակություն, համապատասխան գումար են ստացել: «Գումարը տատանվում է 3 մլն-ից մինչև 6 մլն դրամ՝ 700-500 ձայնի համար»,- նշել է նա:
«Դուք ինձ կհարցնեք, թե ինչու այդ փաստերի առնչությամբ չեմ դիմում Ոստիկանություն: Այդ փաստաթղթերից մեկը Ոստիկանությունից ՀՀԿ շտաբ ուղարկված ֆաքս է, որում նշված են ՊՊԾ գնդի աշխատակիցների անունները, յուրաքանչյուրի դիմաց ձայների համապատասխան քանակություն, որը վերջինս պետք է ապահովի կառավարող կուսակցության համար»,- հայտնել է Փաշինյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը հայտնել էր, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀՀԿ նախընտրական շտաբում կաշառք բաժանելու ականատես է դարձել, սակայն երբ փորձել է նկարահանել, շտաբի աշխատակիցները վերցրել են նրա հեռախոսը և վերադարձրել այն ձայնագրությունը ջնջելուց հետո միայն: Բոլոր այս ահազանգերը ՀՀԿ-ն հերքում է: է:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ներկայացրած փաստաթղթերին՝ ՀՀԿ նախընտրական շտաբը հանդես է եկել այդ առնչությամբ հայտարարությամբ: «Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ: Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը: Ներկայացված նյութերի իրական ծագումը և միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Քաղաքապետի պաշտոնին հավակնում են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր ծիրանի»-ի առաջնորդ Զարուհի Փոստանջյանը և «Ելք» դաշինի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Gallup International»-ի հարցման համաձայն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջատար է Տարոն Մարգարյանը՝ 72,3%-ով, երկրորդ տեղն զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը՝ 15,5%, ցուցակը եզրափակում է Զարուհի Փոստանջյանը՝ 4,7%: