Արմինֆո. «Ելք» դաշինքը ԿԸՀ դիմում է ներկայացրել` պահանջելով դիմել դատարան Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Մայիսի 12-ին լրագրողնեևրի հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ելք» դաշինքից 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նրա ասելով, դաշինքի դիմումի համար հիմք է ծառայել այն փաստը, որ նախօրեին ՀՀԿ շտաբներից մեկում բացահայտվել է ընտրակաշառք բաժանելու դեպք:
«Քվեաթերթիկները միայն վաղն են տրամադրվելու ընտրահանձնաժողովներին, սակայն երեկ արդեն շրջանառվում էր քվեաթերթիկ, որի վրա № 3 (ՀՀԿ) դիմաց նշում էր արված: Այդ քվեաթերթիկները բաժանում էին ընտրողներին, ինչի դիմաց նրանք ստանում էին 20 հազար դրամ կաշառք», - ընդգծել է Արտակ Զեյնալյանը:
Ներկայացված դիմումը, ըստ իրավապաշտպանի, չի կարող ուսումնասիրվել այսօրվանից ավելի ուշ: «Մենք ԿԸՀ-ից պահանջել ենք երաշխավորել և ապահովել դատարանի հասանելության մեր իրավունքը և մինչև 15:00-ն տրամադրել մեր դիմումին առնչվող վերջնական որոշումը, որպեսզի մենք կարողանանք հայց ներկայացնել Վարչական դատարան: Մենք համոզված ենք, որ ԿԸՀ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ: Հետևաբար, մենք բոլոր դեպքերում դիմելու ենք դատարան, եթե ԿԸՀ մինչև 14:00-ն նիստ չգումարի», - հավելել է Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը, տուն վերադառնալիս, նկատել է, թե ինչպես Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում ՀՀԿ-ից քաղաքապետի պաշտոնի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ 20 հազար դրամ կաշառք և № 3 (ՀՀԿ) դիմաց նշում պարունակող քվեաթերթիկներ են բաժանում: Երբ լրագրողը սկսել է նկարահանել , նրան մոտեցել են շտաբի աշխատակիցները, ուժով խլել են հեռախոսը և առանց թույլտվության ջնջել ոչ միայն տեսանյութը, այլև sms-հաղորդագրություններն ու հեռախոսահամարները: Աննա Զախարյանին հեռախոսը վերադարձրել են դրա վրայից մատնահետքերը մաքրելուց հետո:
Սակայն ՀՀԿ նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը: Այդուհանդերձ, Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել տվյալ հրապարակման առնչությամբ: