Արմինֆո. ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան եռակողմ հանդիպմանը Մոսկվան հերթական անգամ ընդգծեց սեփական արտոնյալ կարգավիճակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Ապրիլի 28-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսասդտանի և Ադրբեջանի արտգործնախարարների աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Արտգործնախարարները, մասնավորապես, պայմանավորվել են շարունակել դիվանագիտական խորհրդատվությունները հաշտության գործընթացին առնչվող հարցերի ողջ սպեկտիր շուրջ:
«Հանդիպման կարևոր պահը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող Ավստրիայի ներկայացուցչի հետ: Այդպիսով, ակնհայտ է, որ Մոսկվայի դիվանագիտական ջանքերը և եռակողմ բանակցային ձևաչափը Ռուսաստանի մասնակցությամբ ոչ թե հակադրվում, այլ համալրում են նրա գործողությունները», - նշել է նա:
Վերլուծաբանը կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները վայելում են ԱՄՆ, Ֆրանսիայի և, ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ աջակցությունը: Սակայն, նրա կարծիքով, այդ փոխհամաձայնությունը գործում է մինչև ուժերի առկա հաշվեկշռի պահպանումը: Եվ ստատուս-քվոյի անհանդուրժելիության վերաբերյալ հայտարարությունները բնավ չեն վերացնում անկանխատեսելիության վերաբերյալ հիմնական խաղացողների մտավախությունները, որը կարող է ծագել նոր փոփոխական իրավիճակների առնչությամբ:
Նշելով, որ ըստ առաջնայնության աստիճանի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարելի մեկ շարքում դասել Մոսկվայի այնպիսի արտաքին քաղաքական գերակայությունների հետ, ինչպես` հարաբերությունները ԱՄՆ, Եվրամիության, Չինաստանի հետ, Սիրիայի կամ Ուկրաինայի հակամարտությունները, վերլուծաբանն ընդգծել է, որ այդ թեման չի անհետանում ՌԴ ԱԳՆ, ինչպես նաև միջազգային ասպարեզում Մոսկվայի գծի մշակմամբ զբաղվող այլ կառույցների օրակարգից:
Նրա կարծիքով, հետաքրքրության պատճառներն ակնհայտ են: Հին էթնո-քաղաքական դիմակայության էսկալացիան Ռուսաստանի համար կստեղծի ոչ քիչ սուր խնդիրներ` սկսած հարևան տարածաշրջանում հրդեհը մարելու շուտափույթ անհրաժեշտությունից և վերջացրած ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում հնարավոր ճգնաժամերի կարգավորման մեջ ներքաշմամբ:
«Պատերազմը Ղարաբաղում Ռուսաստանին սպառնում է Թուրքիայի և Իրանի հետ հարաբերությունների բարդացում: Նաև կարևոր է, որ Մոսկվայի արձագանքը կարող է ոչ հասարակ բախումներ հրահրել ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հարաբերություններում, որոնք Ռուսաստանի գործողությունները կարող են համարել անհամաչափ պատասխան` կախված դրանց կոշտության աստիճանից», - ամփոփել է Մարկեդոնովը: