Արմինֆո. Ավստրիայի Հանրային ռադիոյին հարցազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատել է Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների հայկական կողմի պատրաստակամությունը: «Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ ամեն գնով, ոչ մեր անկախության ու ազգային արժանապատվության հաշվին»,- հայտարարել է Կարան Կարապետյանը:
Նրա խոսքով, իհարկե, լավ է, երբ երկիրը խնդիրներ չունի հարեւանների հետ։ «Բայց դա չի նշանակում, որ եթե այդ պայմանը չի կատարվում, մենք պետք է ձեռքերը ծալած նստենք։ Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, սակայն եթե հակառակ կողմը նման պատրաստակամություն չի ցուցաբերում, չեմ կարծում, որ մեր տնտեսության զարգացման համար այլընտանքներ չկան»,- ընդգծել է Կարապետյանը՝ բերելով Իսրայելի օրինակը, որը նույնպես բավականին շատ խնդիրներ ունի։ «Խոսքն այն մասին չէ, որ պետք է հանգստանալ եւ չձգտել խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Բայց ի՞նչ պետք է անենք, եթե բանակցային գործընկերը կառուցողական չէ։ Բնականաբար, պետք է զարգացնենք տնտեսությունը առկա սահմանափակումների պայմաններում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը
Ի պատասխան դիտարկմանը, որ Իսրայելում չկա այսիպիսի «ուղեղների արտահոսքե, ինչպիսին Հայաստանում է՝ Կարապետյանը նշել է. «Նրանք էլ են ունեցել նման խնդիր, սակայն պայմաններ են ստեղծել այն լուծելու համար։ Եթե դուք նայեք Իսրայելի կյանքի առաջին տարիներին՝ անկախություն ձեռք բերելուց հետո, ապա կտեսնեք, որ նրանք էլ նմանատիպ խնդիրներ են ունեցել»:
Ինչ վերաբերում է մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և Թուրքիայի հետ լավ հարաբերությունների ստեղծման հնարավորությանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պատրաստ ենք կառուցողական լինել, սակայն չեմ կարող կանխատեսել, թե որքան արագ դա տեղի կունենա, քանի որ դա կախված չէ միայն մեզնից»: