Արմինֆո. Նոր իրավիճակում Սերժ Սարգսյանն ստանում է իր նախկին խոստումները չեղարկելու բարոյական և իրավաբանական իրավունք, որոնք տրվել են բոլորովին այլ պայմաններում, և լիովին կարող է գործն սկսել նոր էջից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Կարծում եմ, որ Սարգսյանն էապես կաշկանդված է Արցախի տարածքները հակառակորդին հանձնելու խոստումներով, որ տվել են դեռ մինչև նրա նախագահ դառնալը: Դեռ 2005 թվականին նա Աղդամը որակել էր որպես ոչ իր հայրենիք: Նա այսօր էլ պահպանում է այդ տեսակետը, նախընտրելով լռության մատնել այն հանգամանքը, որ Գետաշենը, Շահումյանը և Գանձակը շարունակում են մնալ որպես հայրենիք յուրաքանչյուր հայի համար: Սակայն Իլհամ Ալիևը, զուրկ լինելով Սարգսյանի հոգու անսահման շռայլությունից, դրանք չի համարում ոչ իր հայրենիք և իրական տերերին վերադարձնելու պատրաստակամություն չի հայտնում», - նշել է նա:
Վերլուծաբանը համոզված է, որ անկախ Սարգսյանի դիրքորոշումների անփոփոխությունից, էապես փոխվել են որոշակի հանգամանքներ: Մասնավորապես, հաստատելով տարածքներ հանձնելու պատրաստակամությունը, Սարգսյանն ակնկալում է, որ ի պատասխան ոչ մի արդարացում չունեցող այդ զիջմանը, Բաքուն, գոնե, կճանաչի նախկին ԼՂԻՄ սահմաններում ինքնորոշվելու Արցախի իրավունքը: Ընդ որում, նա համապատասխան հավաստիացումներ է ստացել նաև Մոսկվայից:
«Սակայն այսօր խոսք է գնում արդեն տարածքների հանձնման մասին` առանց Բաքվի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Այսինքն, ԼՂՀ տարածքի երկու երրորդը պետք է հանձնվի հակառակորդին` առանց որևէ նախապայմանի: Իսկ նման խոսակցություններն, անշուշտ, նաև Սերժ Սարգսյանին խուսավարելու և նախկին խոստումներից հրաժարվելու առիթ են տալիս», - ամփոփել է վերլուծաբանը: