Արմինֆո. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակներում, ինչպես նաև պետական այլ կառույցների հետ համագործակցության և սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում, մայրաքաղաքի և մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը:
«Սննդամթերքի անվտանգության մասինե օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայտնաբերված խմբաքանակը համարվել է վտանգավոր, քանի որ չի ունեցել անվտանգությունը հավաստող որևէ փաստաթուղթ: Հաշվի առնելով այս հանգամանքը, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասինե օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված կարգով, վտանգավոր ճանաչված խմբաքանակի իրացումն արգելվել է և հանձնարարվել ոչնչացնել (խոտանել) այն»,-հայտնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:
Ծառայությունը նաև նմուշառում էր կատարել և փորձաքննության ուղարկել ադրբեջանական ծագման խնձորների նմուշները: Արդյունքում՝ նախատեսված ցուցանիշների (դելտամետրին, դիմետոադ, մետալաքսիլ, ցիպերմետրին, ցիֆլուտին, ԴԴՏ և դրա մետաբոլիտներ, ՀՔՑՀ (ալֆա, բետտա, գամմա իզոմերներ), քլորպիրիֆոս) շեղումներ չեն արձանագրվել:
Ապրիլի 23-ից՝ ադրբեջանական խնձորի վաճառքի մասին ահազանգ ստանալու պահից սկսած, երեք օրվա ընթացքում կարգավորողը հետազոտություններ է անցկացրել Երևանի և մարզերի առևտրի կետերում: Արդեն ապրիլի 25-ին պարզ է դարձել, որ ապրանքը ենթակա է ոչնչացման, քանի որ անվտանգության համապատասխան սերտիֆիկատներ չունի: «ՍԱՊԾ-ին դեռ հայտնի չէ, թե որ երկրից է Հայաստան ներկրվել ադրբեջանական ծագման խնձոր և որ ընկերությունն է այն ներկրել»,- ապրիլի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը: Այդուհանդերձ, ինչպես կարծում է Կարապետյանը, ադրբեջանական խնձորը կարող էր Հայաստան բերվել մաքսանենգ ճանապարհով: «Կարելի է ենթադրել, որ մատակարարումներն իրականացվել են մասնավոր մատակարարների կողմից, քանի որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս մինչև 50 կգ թարմ միրգ-բանջարեղենի ներկրումը առանց մաքսատան», - պարզաբանել է նա: