Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնել «Ծառուկյան» դաշինքի շուրջ իրավիճակից՝ կապված պատգամավորի 23 թեկնածուի մանդատից հրաժարվելու հետ, ովքեր հայտարարում են, որ ինքնաբացարկի վերաբերյալ դիմում չեն գրել:
Ինչպես հայտնում են ԱրմԻնֆո-ի՝ դաշինքին մոտ աղբյուրները, այս առնչությամբ նախագահն անձամբ զանգահարել է Ծառուկյանին և պահանջել կարգավորել իրավիճակը, քանի որ այն ստվեր է նետում ընտրությունների վրա: Ծառուկյանը փորձել է ճնշում գործադրել այն թեկնածուների վրա, ովքեր, չենթարկվելով նրա կամքին, պահանջում են իրենց մանդատները: Սակայն, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, երբ քսաներեք թեկնածուից տասնմեկն իրենց մանդատ տրամադրելու վերաբերյալ դիմում են ներկայացրել ԿԸՀ:
Նշենք, որ նախօրեին ԿԸՀ հրապարակել է ընտրություններում հաղթած այն պատգամավորության թեկնածուների անունները, որոնք հրաժարվել են մանդատից: Եթե ՀՀԿ և ՀՅԴ պարագայում իրավիճակը պարզ էր, խորհրդարանի տեղերին հավակնությունից հրաժարվել են նրանք, ովքեր մտադիր են գործունեություն ծավալել գործադիր իշխանությունում, ապա «Ծառուկյան» դաշինքի «հրաժարվածների» ցուցակը բազմաթիվ հարցեր է հարուցել: Այդ ցուցակում 23 մարդուց հրաժարվել են, գործնականում, վարկանշային ընտրակարգով հաղթած բոլոր պատգամավորության թեկնածուները, որոնցից շատերը, ինչպես հետագայում պարզվել է, ինքնաբացարկի դիմումներ չեն գրել: