Արմինֆո. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը` ապրիլի 26-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ հեռախոսազրույցում:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը, նշելով, որ դա եւս մեկ քայլ է ցեղասպանությունների միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, Էդուարդ Շարմազանովն առանձնակի կարեւորել է բանաձեւի հեղինակ Ռոբին Բյոհնիշի ներդրումը փաստաթղթի ընդունման հարցում եւ իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ նշելով. «Այդ քայլով Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Ձեր այդ որոշումը եւս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ»:
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, հավելելով, որ Թուրքիան մինչ օրս չի փոխել իր ձեռագիրը. շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը եւ չի ցանկանում առերեսվել իր պատմության հետ: «Ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի եւ այն ճանաչելու ու դատապարտելու շնորհիվ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը», - փաստել է ԱԺ փոխնախագահը:
Նախօրեին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը 104 ձայնով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ հայերի նկատմամբ թուրքերի հանցագործությունը դատապարտել էր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկն է:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Վատիկանը, Վենեսուելան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովակիան, Ուրուգվայը (1965 թվականին` աշխարհում առաջինը), Ռուսաստանը, Ֆրանսիան, Չիլին, Շվեկցարիան, Շվեդիան, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը և ԱՄՆ Կոնգրեսի միջազգային կոմիտեն, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սեարա և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիա), Բասկերի Երկիրը, Կատալոնիան, Բալեարյան Կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը: Ընդ որում` Շվեյցարիան, Սլովակիան և Հունաստանն ու Կիպրոսն ընդունել են նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, իսկ Ֆրանսիան պատրաստվում է ընդունել համանման փաստաթուղթ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը` Անկարային կոչ անելով հետևել իր օրինակին և փոխհատուցել այդ ոճրագործության հետևանքները: