Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, նահանգապետ Մեթյու Հենսեն Միդն իր բաց նամակում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է պատմության, Հայոց ցեղասպանության ու Հրեաների ողջակիզման աննկարագրելի վայրագությունների կրկնում թույլ չտալու տեսանկյունից: Նահանգապետը նաև զորակցել է նրանց, ովքեր ապրիլի 23-ին կմասնակցեն Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը (1965 թվականին` աշխարհում առաջինը), Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Վատիկանը, Վենեսուելան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովակիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ԱՄՆ Կոնգրեսի միջազգային կոմիտեն, Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սեարա և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիա), Բասկերի Երկիրը, Կատալոնիան, Բալեարյան Կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը` Անկարային կոչ անելով հետևել իր օրինակին և փոխհատուցել այդ ոճրագործության հետևանքները: Շվեյցարիան, Սլովակիան, Հունաստանն ու Կիպրոսն ընդունել են նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, իսկ Ֆրանսիան պատրաստվում է ընդունել համանման փաստաթուղթ: