Արմինֆո. Ավարտին են մոտենում Հայաստանում Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ստեղծելու աշխատանքները: Ծրագրի առաջին՝ ախտորոշիչ բաղադրիչն ավարտվել է. գրեթե ողջ սարքավորումը տեղադրված է: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարի խոսքով, Կենտրոնի ստեղծման կարևորությունը ռադիացիոն բժշկության վերջին ձեռբերումների ծառայությունները Հայաստանի քաղաքացիների և երկրի հյուրերի համար մատչելի դարձնելն է: «Կենտրոնում տեղադրված է եզակի սարքավորում՝ ցիկլոտրոն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արտադրել ռադիոդեղագործական պրեպարատներ՝ ուռուցքաբանական հիվանդությունների վաղ ախտորոշման և միջուկային բժշկության լավագույն պրակտիկաների հիման վրա դրանց ժամանակին բուժման նպատակով»,- ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ կանցկացվեն գիտահետազոտական աշխատանքներ, այդ թվում՝ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի մասնագետների բազայի վրա, որի տարածքում գտնվում է կենտրոնը:
Նշենք, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կհանդիսանա Ոռուցքաբանության ազգային գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը, որի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ է գործարկել ծրագրի երկրորդ՝ բուժական բաղադրիչը: Դրա համար կգնվի և կտեղադրվի ամենաժամանակակից սարքավորումը, որն արտադրվում է Ռուսաստանում, Իսրայելում և Եվրոպայի մի շարք երկրներում: Կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանի խոսքով, հայկական կենտրոնի ակնհայտ մրցակցային առավելությունը տարածաշրջանի համանման կլինիկաներից, այդ թվում՝ հարևան Վրաստանում, իզոտոպների սեփական արտադրությունն է, ինչը զգալիորեն նվազեցնում է բուժման արժեքը և, որպես հետևանք, բարձրացնում բնակչության համար դրա մատչելիությունը: Նա տեղեկացրել է, որ 2011 թվականից սկսած՝ Կենտոնի ստեղծման նպատակով ներդրվել է 2,2 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ Ոռուցքաբանության ազգային գերազանցության կենտրոնի ստեղծումը, որի արժեքը գնահատվում է в $12,4 մլն, նախաձեռնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից՝ Հիմնադրամի և բելգիական GlobalMedicalSolutions ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Նշենք, որ ուռուցքաբանական հիվանդությունների առավել արդյունավետ բուժման նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում «Իզոտոպ» Հ/Կ ԲԲԸ /մտնում է «Ռոսատոմ»-ի կառուցվածքի մեջ/ կոմերցիոն հարցերի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսեյ Վակուլենկոն հայտնել էր, որ ձեռնարկությունը Հայաստանի բժշկական հաստատություններին կապահովի Տեխնեցիում-99m (Tc-99m) գեներատորներով: «Մենք բոլոր ռեսուրսներն ունենք հանրապետության բուժհաստատությունները անհրաժեշտ ռադիոդեղագործական արտադրանքով ապահովելու համար»,- ընդգծել է Ալեքսեյ Վակուլենկոն: