Արմինֆո.Հաղթելու հնարավորություն միշտ կա, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի առջև բացօթյա ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, ով առաջադրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար:
Նրա խոսքով, եթե քաղաքականության մեջ ես, պետք է անես ամեն բան, ինչը կհանգեցնի հաղթանակի, իսկ եթե չես գործում, պասսիվ ես, հաղթանակի մասին պետք չէ նույնիսկ մտածել: «Եթե քաղաքական պայքար մղելու նույնիսկ նվազագույն հնարավորություն կա, պետք է օգտվես այդ հնարավորությունից: Մենք պետք է հասկանանք, որ պետք է դառնանք քաղաքական ազգ»,- հայտարարել է նա:
Անդրադառնալով մայրաքաղաքի ընտրություններում «Ելք» դաշինքից իր ընդդիմախոսներին՝ Փոստանջյանը նշել է, որ այդ քաղաքական ուժը համախմբում է գաղափարախոսությամբ և հայացքներով տարբեր կուսակցությունների:
Հիշեցնենք, որ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կտևի ապրիլի 21-ից մինչև մայիսի 12-ը: Ընտրությունների արդյունքում Ավագանու խորհուրդը կընտրի Երևանի քաղաքապետին: ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի»-ից՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը: