Արմինֆո.Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է խարդախության հնամար դատապարտվասծ պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու պահանջով պաշտպանի դիմումը։
Ինչպես հաղորդել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանը, անկախ հանձնաժողովն առանց որևէ հիմնավորման վեցերորդ անգամ մերժում է Վոլոդյա Ավետիսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու պահանջով դիմումը, ընդ որում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը դրական բնութագիր է տվել Վ.Ավետիսյանին, նշելով, որ դատապարտյալը հետագա պատիժը կրելու կարիք չունի: Մելքոնյանը մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել բարձրագույն ատյաններում: «Վոլոդյա Ավետիսյանն ազատ կարձակվի մայիսին` համաներմամբ», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է 2013 թվականի սեպտեմբերի 19-ին: Սեպտեմբերի 20-ին ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, Վ.Ավետիսյանը 2 հազար դոլար է վերցրել է բանակում ծառայությունից ազատելու դիմաց: 2014 թվականին հուլիսի 17-ին նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Փաստաբանը փորձել է բողոքարկել ազատազրկման դատավճիռը, սակայն` ապարդյուն: Վոլոդյա Ավետիսյանը բազմիցս հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, և իշխանությունները, պարզապես, փորձում են իրեն պատժել ավելի վաղ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար. գնդապետը նստացույց էր անցկացրել Ազատության հրապարակում` պահանջելով Արցախյան պատերազմի վետերանների սոցիալական վիճակի բարելավում: