Արմինֆո.Չնայած այն հանգամանքին, որ ՀԱԿ-ը չի հավատում Սահմանադրական դատարանի արդարադատությանը, այսօր հայց կներկայացնի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Ապրիլի 14-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում այդ մասին հաղորդել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ներառում է տվյալներ վարչական ռեսուրսի կիրառմամբ ընտրախախտումների, զանգվածային ընտրակաշառքների բաժանման և ընտրական գործընթացի վերահսկողության վերաբերյալ: Նրա ասելով, առաջինի դեպքում դիտվել է պետական կառույցների ներգրավում, աշխատակիցների նկատմամբ ահաբեկում և ճնշումներ` ՀՀԿ օգտին քվեարկություն պարտադրելու նպատակով: Մանուկյանը նշել է, որ զանգվածային ընտրակաշառքների բաժանման մասին խոսում են ոչ միայն ընդդիմադիրները, այլև իրենք` հանրապետականները, սակայն իրավապահ մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում: Իսկ ընտրությունների նկատմամբ խիստ վերահսկողության վկայություններ հաջողվել է ստանալ ընտրատեղամասերից առցանց հեռարձակման շնորհիվ: Նրա ասելով, քվեարկության տվյալների ուսումնասիրությունից կարելի է պարզել, որ ընտրողների 5%-ը կույր է և երրորդ անձանց օգնության կարիք ունի, այսինքն` խոսքը վերաբերում է ուղղորդված քվեարկությանը: «Սակայն ամենաուշագրավն այն փաստն է, որ հոգեբուժարաններում ՀՀԿ –ն ստացել է ձայների 100%: Նման ապացույցներով կարելի էր պաշտոնանկ անել Թրամփին (խմբ. – ԱՄՆ նախագահ), սակայն մեր դեպքում, դժբախտգաբար, քիչ բանի կարելի է հասնել», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Մանուկյանը նշել է, որ ՀԱԿ-ը խախտումների ողջ փաթեթը կներկայացնի միջազգային հանրությանը և ամեն ինչ կանի խախտումների հրապարակման համար: Ընդ որում նա նշել է, որ ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը կներկայացնեն փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը: «Մենք կուրորեն հավատում ենք արդարադատությանը, որը կարող է իրականացնել Գագիկ Հարությունյանի գրասենյակը», - հեգնանքով հայտարարել է նա: Ընդդիմադիր գործիչը նաև չի ցանկացել որոշակիացնել, թե ինչ գործողոթյունների կդիմի իրենց դաշինքը, եթե Սահմանադրական դատարանը հայցը մերժի: Հիշեցնենք, որ ԿԸՀ արդեն մերժել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի 120 էջից բաղկացած հայցը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է ԱԺ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին: Ազգային ժողովում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն` 58 մանդատ, այդ թվում ազգային փոքրամասնությունների երեք ներկայացուցիչ (ասորի, քուրդ, եզդի), «Ծառուկյան» դաշինքը` 31 մանդատ, որոնցից 1-ը ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» կուսակցությունների դաշինքը` 9 մանդատ, ՀՅԴ` 7 մանդատ: Ազգային ժողովում կլինի 105 պատգամավոր: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ստացել է ընտրողների ձայների 1.65%-ը: