Արմինֆո.Հաշվի առնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխման հեղինակության հանգամանքը` նրա ապագա գնահատականը` որպես հայ ազգային առաջնորդի, կախված է խորհրդարանական մոդելին Հայաստանի անցման որակի աստիճանից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Հայաստանում անցած ընտրարշավի նշանակությունը դուրս է գալիս խորհրդարանի կազմը որոշելու շրջանակից, քանի որ ապրիլյան ընտրությունները դարձել են անցման յուրօրինակ կետ: Եվ Ազգային ժողովի ընտրություններն ավարտվում են բնավ ոչ ձայների հաշվարկով, քանի որ այժմ գլխավոր խնդիրը կառավարության ձևավորումն է», - նշել է նա:
Ապրիլի 9-ին Հայաստանի ԿԸՀ հրապարակած վերջնական արդյունքների համաձայն, Ազգային ժողով անցել է չորս քաղաքական ուժ` երկու կուսակցություն և երկու դաշինք: Կառավարող ՀՀԿ-ն ստանում է 58 մանդատ, այդ թվում ազգային փոքրամասնությունների երեք ներկայացուցիչ (ասորի, քուրդ, եզդի), «Ծառուկյան» դաշինքը` 31 մանդատ, որոնցից 1-ը ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» կուսակցությունների դաշինքը` 9 մանդատ, ՀՅԴ` 7 մանդատ: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1 մլն 575 հազար մարդ (60,93%):
Ռուսաստանցի վերլուծաբանը նշել է, որ խորհրդարան անցած չորս ուժերից երկուսը` կառավարող ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, իշխանամետ են, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներն` ընդդիմադիր: «Հանրապետականների և դաշնակցականների ջանքերի միավորման դեպքում նրանք հնարավորություն ունեն ստանալ սահմանադրական մեծամասնություն և ձևավորել կառավարություն: Այդ դեպքում չի բացառվում, որ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը մնա իր պաշտոնում», - նշել է նա:
Չբացառելով, որ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները կարող էին խառնել իշխանությունների խաղաթղթերը, Մարկեդոնովը կարծում է, որ բավականին դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմության տարբեր խմբերի և ուղղությունների միասնությունը, քանի որ նրանք, որպես կանոն, պայքարում են ոչ միայն ընդդեմ իշխանության, այլև` մեկը մյուսի դեմ: Նա նաև բարձր չի գնահատում հանրապետականների հետ կոալիցիայի շուրջ սակարկելու Ծառուկյանի շանսերը` հաշվի առնելով ՀՅԴ առկայությունը:
Առանց վարկանշային թեկնածուների գործոնի համամասնական ընտրակարգով բոլոր ձայների կեսից պակաս ցուցանիշը Մարկեդոնովը գնահատում է որպես գործոն, որը ՀՀԿ ղեկավարությանը պետք է ստիպի մտածել: Նշելով բողոքի տրամադրությունների առկայությունը Հայաստանում` վերլուծաբանը չի բացառում, որ դրանք կարող են իրենց մասին իմաց տալ արդեն ամենամոտ ապագայում: Առիթներն ավելի քան բավականաչափ են. կոռուպցիոն սկանդալներ, անվտանգության խնդիրներ, սոցիալական, տնտեսական խնդիրներ:
«Առաջատար դիրքերը պահպանելու համար կառավարող կոալիցիան պետք է
շարունակի նորացման գիծը` հաշվի առնելով ընտրարշավի ընթացքում հնչած քննադատությունը: Հենց արձագանքման ճկունությունը թույլ կտա քաղաքական տարանցում իրականացնել Հայաստանում` խաղաղ և առանց ցնցումների, հատկապես, խորհրդարանի խոսնակի ընտրության, նախագահական արշավի նախապատրաստման, Երևանի ավագանու խորհրդի ընտրություան, Հայաստանի գործող նախագահի պաշտոնական և ոչ պաշտոնական կարգավիճակի որոշման ֆոնին», - ամփոփել է Մարկեդոնովը: