Արմինֆո.Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը: Այդ մասին Գյումրիում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ ընտրողների ձայների առքուվաճառքը վատ է անդրադառնում Հայաստանի վարկանիշի վրա: «Լրջորեն մտահոգված եմ ընտրակաշառքներով, ինչը ես անվանում եմ ընտրակոռուպցիա, քանի որ դա ավելին է, քան քվեների գնումը: Այո, ես կցանկանայի վկայակոչել միջազգային դիտորդական առաքելության հայտարարությանը, որտեղ նշվում է այդ վատ երևույթի մասին, որը ստվեր է գցում ընտրության վրա: Ես փորձում եմ լինել օբյեկտիվ և արդար, մենք մեր ընկալման մեջ ընտրությունների վերաբերյալ շատ լուրջ շեշտադրումներ ենք անում այս բացասական երևույթի վրա: Դա վատ է Հայաստանի իմիջի համար, դա վատ է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների համար, և մենք շատ բաց խոսում ենք այդ մասին»,- հայտարարել է ԵՄ դեսպանը: Այդուհանդերձ, դեսպանի խոսքով, Եվրամիությանը բավարարում է տեղամասերում տեսախցիկների և քվեարկողների մատնահետքերի նույնականացման սարքերի համար տրամադրված գումարի օգտագործումը:
ԵՄ 7 միլիոն եվրո ֆինանսական աջակցության շնորհիվ է հնարավոր դարձել վերջին խորհրդարանական ընտրություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը: Եվ, ինչպես նշել է Սվիտալսկին, այդ ծրագիրը ռիսկեր է պարունակել:
«Ծրագիրը շատ մեծ ռիսկ է պարունակել, քանի որ նախկինում երբեք չէր իրականացվել այսքան կարճ ժամանակահատվածում, բայց աշխատեց Հայաստանում»,- հայտարարել է ԵՄ դեսպանը: ԵՄ պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաև նախկինում տեղ գտնող մի շարք ընտրախախտումների, որոնց վերաբերյալ իրենք այս անգամ դժգոհություններ չեն լսել: «Բացասական երևույթներ, որոնք անցյալում կային, լիովին բացառված են: Ես չեմ լսում բողոքներ, օրինակ, բազմակի քվեարկության կամ լցոնումների մասին»,- ասել է դեսպանը:
Ինչպես նշել է Սվիտալսկին, այսօր ընտրական գործընթացը «կարևոր փուլում է». կուսակացություններն ու դիտորդները բողոքարկել են ընտրությունների արդյունքները, այժմ իրենք հետևում են իրավիճակին: Ամեն դեպքում, ինչպես նշել է նա, վերջնական եզրակացությունը կներկայացվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցում, որը կհրապարակվի հունիսին: