Արմինֆո.ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի միջազգային հանրությանն ուղղված կոչը:
ԱրմԻնֆո գործակալություն թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ Կիպրոսն այն եվրոպական երկրներից է, որ ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ նաև քրեականացրել է դրա ժխտումը: «Դա շատ կարևոր հայտարարություն է, և ոչ միայն այն առումով, որ ԵՄ երկրներից մեկը հանդես է գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, այլ նաև մարդկության նկատմամբ նոր հանցագործությունների կատարումը կանխելու առումով»,-նշել է քաղաքական գործիչը:
Հարկ է նշել, որ Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարվել է էթնիկ զտումների քաղաքականություն: Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, ընդ որում, ողբերգական իրադարձություններից ավելի քան մեկ դար անց: «Կիպրոսն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 1990 թվականին Կիպրոսի խորհրդարանը միաձայն ապրիլի 24-ը ընդունեց որպես ցեղասպանության հիշատակի օր։ Խորհրդարանը նաև հաստատել է ցեասպանության ժխտումը, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանագործությունները քրեորեն պատժելու մասին օրենքը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում այդ ողբերգական իրադարձությունները ճանաչել ցեղասպանություն», - հայտարարել է նա:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը (1965 թվականին` աշխարհում առաջինը), Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Վատիկանը, Վենեսուելան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովակիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չիլին, Շվեկցարիան, Շվեդիան, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը և ԱՄՆ Կոնգրեսի միջազգային կոմիտեն: Ընդ որում` Շվեյցարիան, Սլովակիան և Հունաստանն ու Կիպրոսն ընդունել են նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, իսկ Ֆրանսիան պատրաստվում է ընդունել համանման փաստաթուղթ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սեարա և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիա), Բասկերի Երկիրը, Կատալոնիան, Բալեարյան Կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը` Անկարային կոչ անելով հետևել իր օրինակին և փոխհատուցել այդ ոճրագործության հետևանքները: