Արմինֆո. ՀՀ սահմանադրական դատարանն առայժմ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում չի ստացել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է ՍԴ մամուլի քարտուղար Հովիկ Պապիկյանը, դաշինքն իրավունք ունի դիմում ներկայացնել ԿԸՀ համապատասխամ որոշման հրապարակումից հետո հինգ օրվա ընթացքում: «Սակայն ՍԴ-ն առայժմ համապատասխանն դիմում չի ստացել», - նշել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ԿԸՀ մերժել է դաշինքի 120 էջից բաղկացած համապատասխան դիմումը` ընտրությունների կեղծման ապացույցների բացակայության առնչությամբ:
Ավելի վաղ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի տարածած հայտարարությունում նշվում էր, որ ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցել են իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ, որոնք ներառում են Սահմանադրության խախտմամբ ընտրությունների օրվա նշանակում,
ընտրակաշառքի զանգվածային բաժանում, քաղաքացիների անձնագրերի եւ նույնականացման քարտերի ապօրինի հավաքում, իրավապահ մարմինների անգործություն, ընտրողների ահաբեկում, վարչական լծակներով եւ կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառում, Ոստիկանության օժանդակությամբ ընտրողներին պարտադրված զանգվածային վերագրանցումներ, տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումներ եւ անկառավարելի վիճակի ստեղծում, այդ կապակցությամբ ոստիկանության անգործություն, քվեարկության գաղտնիության համատարած խախտում, ներառյալ վերահսկված ու բաց քվեարկությունը, այդ թվում գունավոր գրիչների, գունավոր եւ համարակալած թղթիկների կիրառման միջոցով, ընտրողների բացահայտ ապօրինի ուղղորդում, քվեարկության ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողությունը խոչնդոտելու նպատակով, տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցում,կրկնակի քվեարկության բազմաթիվ արձանագրված դեպքեր,բռնության եւ ահաբեկման դեպքեր լրագրողների, վստահված անձանց եւ դիտորդների նկատմամբ: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը նաև Սահմանդրական դատարանում
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ԱԺ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին: Ազգային ժողովում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն` 58 մանդատ, այդ թվում ազգային փոքրամասնությունների երեք ներկայացուցիչ (ասորի, քուրդ, եզդի), «Ծառուկյան» դաշինքը` 31 մանդատ, որոնցից 1-ը ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» կուսակցությունների դաշինքը` 9 մանդատ, ՀՅԴ` 7 մանդատ: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան1 մլն 575 հազար քաղաքացի (60,93%)` ընտրողների 2.587.706 ընդհանուր թվից: Խորհրդարանում կլինի 105 պատգամավոր: «Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ստացել է ընտրողների ձայների 1,65%: