Արմինֆո. Նախօրեին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ :
Ինչպես արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:
Ազգային ժողովում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն` 58 մանդատ, այդ թվում ազգային փոքրամասնությունների երեք ներկայացուցիչ (ասորի, քուրդ, եզդի), «Ծառուկյան» դաշինքը` 31 մանդատ, որոնցից 1-ը ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» կուսակցությունների դաշինքը` 9 մանդատ, ՀՅԴ` 7 մանդատ:
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն առաջնն էին` 2015 թվականի սահմանադրական բարեփոխումից հետո, որին համապատասխան, Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: