Արմինֆո. «Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե, և աշխատելու ենք արտակարգ ռեժիմով»,- ապրիլի 6-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետևյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանումե,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%: «Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: