Արմինֆո. Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը կոչ է երել «Ելք» դաշինքից պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին՝ դադարեցնել անիմաստ ու անտեղի բանավեճը, որում շրջանառվում է նաև իր անունը։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան, հարգելի պարո՛ն Փաշինյան, իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։ Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ իսկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։ Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։ Կանխավ շնորհակալ եմ»,- գրել է նա:
Նշենք, որ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ խորհրդարան անցած «Ելք» դաշինքը Մինասյանի նախագիծն է: Դրան արձագանքել է դաշինքից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «Ելք»-ին աջակցում է 120 հազար քաղաքացի, այլ ոչ թե՝ նախագահը կամ նրա փեսան: Ըստ որում, նա իր հերթին «Ժառանությանը» մեղադրել է Մինասյանի հետ համագործակցելու մեջ: