Արմինֆո. Պտղի սեռող պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործում որոշակի դրական միտումներ են արձանագրվել։
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, 2008-2012թթ. նորածիների աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100:115, 2014թ.` 100:113,4, 2015թ.` 100:112,7, իսկ 2016թ.` 100:111,9:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով։
Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին: 2008-2012թթ. այն հասել էր վտանգավոր սահմանագծի և դարձել ժողովրդագրական լուրջ խնդիր: «2011թ. յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 114 տղա: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշն ավելի բարձր էր (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է 164 տղա` 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված էր Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Ծնունդների սեռային տարբերության շարունակումն ապագայում կարող էր ծնունդների թվի աննախադեպ նվազման պատճառ դառնալ։ Իրավիճակի շտկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ։ 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասինե ՀՀ օրենքում ամրագրվեց սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։ Զուգահեռաբար իրականացվեցին կրթական և հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ»,- տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: