Արմինֆո.Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստ է նպաստել ժողովրդի բարեկեցությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
«Մենք մեր խոսքը ընտրողին հասցրեցինք: Ներկայացրեցինք ընտրազանգվածին մեր ծրագրերը սոցիալական վիճակի բարելավման, երկրի հզորացման, տնտեսության վերակենդանացման, արդարության հաստատման ուղղությամբ: Սակայն տեղի ունեցան նեգատիվ երևույթներ՝ ընտրողին ապակոմնորոշելու, այս կամ այն քաղաքական ուժին ձայն տալու համար կիրառվեցին տարբեր ձևեր ու մեթոդներ, որը մեզ բնորոշ չէր:
Ստացված արդյունքը մեզ չբավարարեց և տարակուսանքի տեղիք տվեց: Այդպիսի ցուցանիշը համահունչ չէ քարոզարշավի ընթացքում բնակչության ունեցած դրական վերաբերմունքին ու տրամադրվածությանը:
Բոլոր դեպքերում ցանկանում ենք մեր երկրին զարգացում և առաջընթաց: Պատրաստ ենք նպաստել ժողովրդի բարեկեցությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր իրենց ձայնը տվեցին Կոմունիստական կուսակցությանը: Խրախուսանքի է արժանի զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը, որի համար ևս շնորհակալություն»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%: «Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: