Արմինֆո. Ադրբեջանը բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է` միջազգային իրավունքի շրջանակում: Այդ մասին ասվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առնչությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված հոդվածում:
Մամեդյարովի ասելով, Ադրբեջանը քիչ ջանք չի գործադրում լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանում բարիդրացիության մթնոլորտ ստեղծելու համար: «Հայաստանի կողմից մեր երկրի տարածքների օկուպացումը, Ադրբեջանի գրավյալ շրջաններից հայկական զինված ուժերի լիովին և անվերապահ դուրս բերման մասին ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի չկատարումն այն հիմնական գործոններն են, որոնք խախտում են կայունությունն ու վտանգում խաղաղությունը տարածաշրջանում և, ամբողջությամբ վերցրած, ԵԱՀԿ տարածությունում: Մեր երկիրը բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է` միջազգային իրավունքի շրջանակում: Ուստի մենք ակնկալում ենք համաշխարհային հանրության բոլոր պատասխանատու անդամների սկզբունքային դիրքորոշման դրսևորում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գործում », - հայտարարել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարն ընդսմին փաստել է, որ դրանում հատուկ դեր ունի, անշուշտ, Ռուսաստանը` որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որն աշխարհագրական և պատմական առումով սերտորեն կապված է Հարավային Կովկասի հետ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին բանակցությունները որոշակի հույս ներշնչեցին, որ Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերման ձգձգված հարցը կգտնի իր դրական լուծումը: Սակայն, դժբախտաբար, այդ հանդիպումից հետո Հայաստանն ամեն կերպ տարբեր պատրվակներով ձգտում է խուսափել բանակցությունները շարունակելուց», - հայտարարել է նա: