Արմինֆո. Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, խորհրդարանական ընտրություններում հաղթած ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, որից 27-ը բաժին կընկնի վարկանիշային թեկնածուներին: Թիվ1 ընտրատարածքից (Ավան-Նոր Նորք) մանդատներ կստանան Երեւանի քաղաքապետի ազգական Ռոբերտ Սարգսյանը եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, թիվ 2 ընտրատարածքից (Արաբկիր Դավիթաշեն, Աջափնյակ)` խորհրդարանի խոսնակի որդի Արման Սահակյանը եւ գործարար Արտակ Սարգսյանը (ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր), թիվ 3 ընտրատարածքից (Մալաթիա-Շենգավիթ-Նուբարաշեն)` գործարար Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանը եւ Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանը, թիվ 4 ընտրատարածքից (Կենտրոն-Էրեբունի)` Հակոբ Բեգլարյանը (տրանսպորտի եւ կապի նախկին նախարարի եղբայրը) եւ Հարություն Կարապողոսյանը, թիվ 5 ընտրատարածքից` Արայիկ Գրիգորյանը («Ավշարի» սեփականատերը` Արարատի մարզպետի եղբայրը), ի դեպ, նա առավել թվով ձայներ է հավաքել բարձրաստիճան թեկնածուների շրջանում (ավելի քան 45.000), Մուրադ Մուրադյանն ու Ալիկ Սարգսյանը, թիվ 6 ընտրատարածքում (Արմավիր) ընտրվել են գեներալ Սեյրան Սարոյանը եւ Նահապետ Գեւորգյանը, թիվ 7 ընտրատարածքից` Արագածոտնի նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը, թիվ 8 ընտրատարածքից (Գեղարքունիք) Կարեն Բոթոյանը եւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, թիվ 9 ընտրատարածքից (Լոռի)` Կարեն Կարապետյանը (գործարար Սամվել Կարապետյանի եղբայր), Վահրամ Բաղդասարյանը եւ Արկադի Համբարձումյանը: Կոտայքում ՀՀԿ-ից մանդատ կստանան Սամվել Սանամյանը (ձեռնարկատեր Բարսեղ Բեգլարյանի սանիկը) եւ Անդրանիկ Հարությունյանը: Շիրակից անցնում են ձեռներեց Արման Սահակյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը: Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերից մանդատներ կստանան Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու գործարար Աշոտ Արսենյանը, իսկ թիվ 13 ընտրատարածքից (Տավուշ)` «Գրանդ Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Ամալյանը:
«Ծառուկյան» նախընտրական դաշինքը կստանա 30 մանդատ: Ըստ վարկանիշային համակարգի խորհրդարան են անցնում «Մետրոպոլ» ԲԲԸ ղեկավար Դավիթ Մանուկյանը, պատգամավոր Մելիք Մանուկյանը (Ապակյա տարաների գործարանի սեփականատեր, «Շշի Մելո»), Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը (նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին), Տիգրան Ստեփանյանը, Վարդեւան Գրիգորյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վահան Կարապետյանը, Նապոլեոն Ազիզյանը, Վանիկ Ասատրյանը, Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), «Մաքս» կոնցեռնի ղեկավար Խաչիկ Մանուկյանը եւ Արթուր Մամոյանը:
«Ելք» դաշինքի 9 մանդատներից 4-ը վարկանշային համակարգով ստանում են Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Արարատ Միրզոյանը: Իսկ ՀՅԴ 7 մանդատներից 3-ը վարկանիշային համակարգով ստանում են Ռոմիկ Մանուկյանը, «Մոնոլիտ» գործարանի տնօրեն Անդրանիկ Կարապետյանը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Մանուկյանը: