Արմինֆո.Երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այլևս պատմություն են, ասվում է «Ծառուկյան» դաշինքի՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Մեկ ամիս շարունակ մենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերում ձեզ ենք ներկայացրել մեր ծրագիրը, մեր անելիքներն ու առաջնահերթությունները: Առավելագույնս անկեղծ ենք եղել մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ թե մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերհանման և թե դրանց լուծման ճանապարհների նախանշման առումով: Այսօր մենք ստացել ենք մեր 400 հազարից ավելի հայրենակիցների վստահության քվեն ու աջակցությունը: Հավատացեք, որ մենք շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն, որը մեզ պարտավորեցնում է մեր լիազորությունների չափով անել հնարավոր ամեն բան մեր երկիրն առաջ տանելու և զարգացնելու համար:
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախանշած սկզբունքներին՝ շարունակելու ենք ժողովրդի առաջ լինել միշտ բաց ու անկեղծ: Մենք քաջ գիտակցում ենք մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերների լրջությունը և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք հնարավոր ամեն բան դրանք լուծելու համար: Մենք երբեք չենք դադարեցնելու մեր ակտիվ և անմիջական շփումները ժողովրդի հետ և երբևէ մեր ժողովրդին չենք բաժանելու մեզ ձայն տվածների և չտվածների: Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է: Աստված պահապան մեզ բոլորիս»,- ասված է դաշինքի հայտարարության մեջ:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 2009 տեղամասերի տվյալների հիման վրա: Ներկայացված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%:
«Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: