Արմինֆո.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ համատարած ընտրակաշառքներին զուգահեռ ՀՀԿ-ի համար աշխատող կեղծարարները կաշառված քաղաքացիներին բաժանում են տարատեսակ տարբերանշաններ՝ համարակալած թղթերի, թափանցիկ ստիկերների, տարբեր գույների թելերի տեսքով՝ պահանջելով քաղաքացիներից քվեաթերթիկի հետ միասին դրանք տեղադրել ծրարների մեջ՝ վերահսկելու համար նրանց քվեարկության բովանդակությունը: «Սա քվեարկության գաղտնիության սահմանադրական նորմի կոպիտ խախտում է եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան վստահված անձանց մենք առաջարկել ենք հաշվարկի ժամանակ նման դեպքերի հանդիպելիս արձանագրել յուրաքանչյուր նման դեպք գրանցամատյանում եւ ներկայացնել հատուկ կարծիք՝ այդ տեղամասերի արդյունքների բողոքարկման նպատակով», - ասվում է ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Բացի այդ, շտաբը տեղեկություններ է ստացել, որ մի քանի հիվանդանոցներից, մասնավորապես «Գրիգոր Լուսավորիչ» (Մասիվի հիվանդանոց), Մալաթիայի հիվանդանոց, հիվանդներին առողջանալուց եւ փաստացի դուրս գրվելուց հետո պաշտոնապես դուրս չեն գրում՝ նրանց քվեարկությունը հիվանդանոցներում շրջիկ արկղերով, ըստ էության, բաց կազմակերպելու նպատակով: «Մենք պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից անհապաղ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցչի, ինչպես նաեւ, ցանկության դեպում, ընտրապայքարին մասնակցող այլ ուժերի ներկայացուիչների մասնակցությամբ ստուգումներ իրականացնել նշված հիվանդանոցներում՝ պարզելու համար ստացիոնար բուժման մեջ գտնվող փաստացի առկա եւ գրանցված հիվանդների թվերը», - նշված է հաղորդագրությունում: Վերջապես, դաշինքի աղբյուրները ՀՀԿ մի քանի շտաբերից հաղորդել են, որ պլանավորված է առավոտյան մինչեւ 10:00-ը շոշափելի խախտումներ, այլ անձանց փոխարեն քվեարկություններ իրականացնել ընտրատեղամասերում, որի նպատակով բազմաթիվ տեղամասերում էլեկտրոնային սարքերը ժամանակավորապես անսարք վիճակի են բերվելու: «Ապրիլի 2-ին բման դեպքերի տեղի ունենալու դեպքում՝ մենք կկարողանանք պնդել, որ սա պլանավորված եւ համակարգային զանգվածային ընտրախախտում է՝ ուղղված ընտրությունների արդյունքը հօգուտ ՀՀԿ-ի խեղաթյուրելուն:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը խստորեն դատապարտում է ընթացող եւ ծրագրվող ընտրակեղծիքները եւ պահանջում է իշխանություններից անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմանն ուղղված ապօրինությունները, մասնավորապես՝ իրավապահ մարմիններից պահանջում ենք բացահայտել եւ պատժել դրանք իրականացնողներին», - նշված է ՕՐՕ շտաբի հաղորդագրությունում:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբից նաև հաղորդել են, որ
քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Միհրան Պողոսյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին մանուշակագույն ֆլոմաստերներ են բաժանել, որպեսզի դրանով վերահսկեն նրանց քվեարկությունը։ Նմանատիպ ահազանգ կա նաեւ Մալաթյա-Սեբաստիա թաղամասից, ուր Սամվել Ալեքսանյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին բաժանվում են կանաչ գրիչներ: Չարենցավանից քաղաքացին ահազանգում է, որ կաշառված ընտրողներին ընտրակեղծարարները բաժանում են թղթե կտորներ՝ տարբեր տարբերանշաններով, որոնք առաջարկում են ապրիլի 2-ին ընտրությանը մասնակցելիս տեղադրել ընտրական ծրարի մեջ՝ քվեաթերթիկի հետ միասին: «Քանաքեռ–Զեյթունում գտնվող 3/11, 3/16, 3/25 ընտրատեղամասերում բոլոր քվեաթերթիկները հանձնաժողովների նախագահները չեն տեղադրել չհրկիզվող պահարանում՝ պատճառաբանությամբ, թե թերթիկների քանակը մեծ է, իսկ չհրկիզվող պահարանում տեղը՝ քիչ։ Այդպես թողել են պարկերի մեջ, տեղմասի դուռը փակել և հեռացել։ 21/09 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծակքար) Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ընտրատեղամասում նախագահը նախ չի ցանկացել փակել չհրկիզվող պահարանը, որտեղ տեղադրված են ընտրական փաստաթղթերը և նյութերը, ապա, վստահված անձի պահանջից հետո այն փակելուց հետո չի ցանկացել բանալին հանձնել ոստիկանին։ Արձագանքելով այս խախտման փաստին, որը տեղադրվել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ֆեյսբուքյան էջում, Ոստիկանության լրատվական բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե տեղի ունեցածը ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդրի հետ է կապված եղել՝ հղում անելով տեսագրությանը: Սակայն տեսագրությունից որեւէ նման բան պարզ չի լինում, իսկ պարոն Ահարոնյանի մեկնաբանությունը կամային է», - նշված է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի տեղեկատվական կենտրոնից ԱրմԻնֆո-ին նաև հաղորդել են, որ Արմավիրի մարզի թիվ 7/15 (Մրգաշեն գյուղ) եւ Մեծամորի մեկ այլ ընտրատեղամասերում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ՀՀԿ-ի քվեաթերթիկների մեծ մասի անկյունում սեւ գիծ է տպագրված, ինչը հնարավորություն է տալիս ընտրողների քվեարկության գաղտնիությունը հարցականի տակ դնել եւ նրանց ընտրությունը վերահսկելի դարձնել (լուսանկարը կցում են): «Ինչպես հայտնի է, նոր օրենսգրքի համաձայն ծրարների եզրերը կտրված է լինելու, որտեղից երեւալու է քվեաթերթիկի եզրային հատվածը, որի վրա էլ փակցվելու են հոլոգրաֆիկ դրոշմանիշները: ՕՐՕ-ի ներկայացուցչների ահազանգից հետո ԿԸՀ-ից այդ քվեաթերթիկները փոխարինվել են նորմալ քվեաթերթիկներով: Արմեն Մարտիրոսյանի հարցմանն ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ դա հիլիոտինի (կտրող սարքի) անփույտ կիրառման հետեւանք է: Սակայն տարօրինակ է, որ այդ “անփութության” հետեւանքով սեւ գծեր են թողնվել միայն ՀՀԿ-ի քվեաթերթիկների վրա: Այս հնարքը հնարավոր է որ իշխանությունների կողմից կիրառված լինի նաեւ այլ ընտրատեղամասերում, սակայն ընդդիմության կողմից նշանակված հանձնաժողովականների եւ վստահված անձանց ուշադրությունից վրիպած լինի: Մենք կոչ ենք անում «Ժառանգության», ինչպեսեւ այլ ընդդիմադիր կուսակցությունների տեղերով նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վստահված անձանց տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան ժ. 7:00-ի նիստի ժամանակ առաջին հերթին ուշադիր զննել քվեաթերթիկները եւ հայտնաբերելու դեպքում խոտանել բոլոր նման սեւ գծանշան ունեցող քվեաթեթրիկները՝ պահանջելով մինչեւ քվեարկության սկիզբը դրանց փոխարինումը պատշաճ նմուշի քվեաթերթիկներով», - ասվում է հաղորդագրությունում:
Ապրիլի 2-ին, առավոտյան ժամը 08:00-ից Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի ընտրությունները` առաջինը 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականի: Քվեարկությանը մասնակցում է, ընդհանուր առմամբ, 2 մլն 564 հազար 795 ընտրող: Ազգային ժողովում տեղերի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր` «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները և 5 կուսակցություններ` ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», ՀՅԴ, ՀԿԿ: Վարկանշային համակարգով իրենց թեկնածությունն առաջադրել են 1500 թեկնածուներ: