Արմինֆո. Ապրիլի 2-ին, առավոտյան ժամը 08:00-ից Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի ընտրությունները` առաջինը 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականի:
ԿԸՀ տվյալներով, 8:00-ին բացվել են հանրապետության ողջ տարածքում գտնվող 2009 ընտրատեղամասերը: Քվեարկությանը մասնակցում է, ընդհանուր առմամբ, 2 մլն 564 հազար 795 ընտրող: Ազգային ժողովում տեղերի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր` «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները և 5 կուսակցություններ` ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», ՀՅԴ, ՀԿԿ: Վարկանշային համակարգով իրենց թեկնածությունն առաջադրել են 1500 թեկնածուներ:
Ընտրական գործընթացին կհետևեն 49 տեղեկան դիտորդական կազմակերպությունների 28 հազար դիտորդ և 6 միջազգային դիտորդական առաքելությունների` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ԱՊՀ, ԱՊՀ ԽՎ և Եվրախորհրդի 640 դիտորդ:
Ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրված է տեղական 89 ԶԼՄ-ների 1244 թղթակից և օտարերկրյա 31 ԶԼՄ-ների 80 ներկայացուցիչ:
Այս ընտրությունների ընթացքում Հայաստանում առաջին անգամ կկիրառվեն նորագույն տեխնոլոգիաներ` նույնականացման քարտեր, տեսախցիիկներ` հնարավոր կեղծարարությունը նվազագույն ի հասցնելու նպատակով: Առաջին անգամ նախատեսվում է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակում:
Եթե խորհրդարանական ընտրությունները կայանան մեկ փուլով, ինչը կախված կլինի այն հանգամանքից, թե արդյոք որևէ ուժի կամ ուժերի դաշինքի կհաջողվի մեծամասնություն ձևավորել, Ազգային ժողովը կազմված կլինի 105 պատգամավորից, որոնցից 101-ը` քաղաքական ուժերից, 4-ը` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ: Ընդ որում, խորհրդարանը կձևավորվի 50%+50% համակարգով (50% վարկանշային ցուցակի թեկնածուներ, մյուս 50%` համամասնականից): Իսկ եթե կայանա ընտրությունների երկրորդ փուլ, ինչը փորձագետները, գործնկանում, բացառում են, ապա խորհրդարանի տեղերի թիվը կավելանա: