Արմինֆո.Ղարաբաղյան հարցի նկատմամբ առաջին նախագահ եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը կործանարար է: Մարտի 31-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը: Նա կարծում է, որ, խոսելով տարածքային զիջումների մասին, Տեր-Պետրոսյանը հնչեցրել է այն թեզիսները, որոնք հնչեցնում է ադրբեջանական քարոզչամեքենան:
Ընդ որում, նրա կարծիքով, հայ հասարակությունը բավականին հանդուրժողական է վերաբերվում առաջին նախագահի ադրբեջանամետ քարոզչությանը, մինչդեռ Ադրբեջանում նման բանի համար, ԼՂՀ անկախության օգտին հանդես եկող քաղաքական ուժի ներկայացուցիչները վաղուց բանտում կլինեին: «Սակայն առաջարկությունների բովանդակությունը կործանարար է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի ոչնչացում, եւ մտադիր չէ որեւէ զիջման գնալ: Ադրբեջանի կողմից ամենամեծ զիջումը Ղարաբաղի ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում, ինչին մենք համաձայն չենք», - նշել է դաշնակցականը:
Ռուստամյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանին չի հետաքրքրում Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որը հանրաքվեի միջոցով նա արտահայտել է: «Լեւոն Տեր-Պետրոսյանը իր կյանքի նպատակ է դարձրել մեզ բոլորիս միանգամայն այլ հայեցակարգի պարտադրումը, որը ոչ մի կերպ չի համադրվում Ղարաբաղի ժողովրդի պատկերացումների հետ», - ընդգծել է դաշնակցականը : Նա նաեւ չի հավատում առաջին նախագահի այն հայտարարություններին, թե նրա բարձրաձայնաձ առաջարկությունները բանակցությունների առարկա են, որոնց մասնակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հարց է ծագում. ինչու՞ է նա այդ ամենը հրապարակում: Կարծում եմ, որպեսզի ցույց տա, որ ինքն ամենահմուտ կառավարողն է, եւ որպեսզի իր անունը ոսկե տառերով գրի մեր պատմության մեջ», - ասել է նա:
Ռուստամյանը նշել է, որ եթե Արդբեջանը մտադիր չէ գնալ զիջումների, ապա հայկական կողմից էլ չի կարող լինել զիջում: «Քո պատասխանը պետ է լինի համարժեք, եւ զիջումները պետք է լինեն միաժամանակ եւ հավասարազոր: Եթե դա չկա, ապա դա ոչ թե փոխզիջում է, այլ միակողմանի զիջում, դա պարտվողական դիրորոշում է: Սակայն պատերազմում հանձնվելը նույնպես քայլ է, որը հանգեցնում է հաշտության, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է հանձնվել, որպեսզի այս պատերազմն ավարտվի», - ասել է նա: Ընդ որում, Ռուստամյանը հավելել է, որ եթե Ադրբեջանը համաձայնի Ղարաբաղի ճանաչմանը, եւ գործընթացը տեղից շարժվի, ապա տարածքային հարցեր քննարկելիս Լեռնային Ղարաբաղը նույնպես Ադրբեջտանի հետ համահավասար իրավունք ունի դնելու նախկին ԼՂԻՄ այն տարածքների հարցը, որոնք պատերազմից հետո մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: