Արմինֆո.Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած իր ելույթում:
«Հայաստանը չի սպասելու Աստծո դատաստանին, չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում: Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: «Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ երկիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին», – ասել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով, ապրիլի 2-ին հայ ժողովուրդը խնկարկելու է ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված հայ տղաների շիրիմներին։ «Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեաթերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխնիկա, պաշտպանական նոր կառույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյունավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողականորեն ավելացում», – նշել է նախագահը։
«Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք, բայց ընտրելիս հիշե՛ք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում: Հիշե՛ք սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբյուրը սահմանին կանգնած զորքի մարտունակությունն է։ Հիշե՛ք Արցախյան հերոսամարտում զոհված ընկերներին ու եղբայրներին սեփական ձեռքերով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջերմությունն իրենց զինվոր-սաների մարտական պատրաստության նոր ձեռքբերումներն են։ Հիշե՛ք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք», – ընդգծել է ՀՀ նախագահը։