Արմինֆո. «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության գնահատմամբ, նախընտրական քարոզարշավի գործընթացում Հայաստանի ԿԸՀ անգործություն է դրսևորել երկրի քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության հարցում: «Այն մարմինը, որն անմիջականորեն պատասխանատու է ընտրական իրավունքի նորմերի պահպանման համար, անգործություն է դրսևորել այդ հարցում», - հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` մարտի 31-ի մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Իրավապաշտպանի հավաստմամբ, ԿԸՀ պատշաճ պատասխան չի տվել արձանագրված իրավախախտումներին, հանձնաժողովն ստացված ահազանգերի առնչությամբ համալիր ստուգում չի անցկացրել, միևնույն ժամանակ, հարկ եղած ջանք չի գործադրել ինչպես ընտրական օրենսդրության արդեն արձանագրված խախտումների, այնպես էլ դրանց բացասական հետևանքների կանխման նպատակով: Բացի այդ, Սաքունցը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պատգամավորության թեկնածուներից մեկը` Անդրեաս Ղուկասյանը, որին նախաձեռնության անդամները համարում են քաղբանտարկյալ, կալանքի տակ է և զրկված է քարոզարշավին մասնակցելու հնարավորությունցի: Նրա կարծիքով, դա արդեն բնորոշում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ողջ պատկերը: «Մնացած դրսևորումների մասին, կարծում եմ, բոլորը տեղյակ են. ճնշման, բարեգործության անվան տակ քողարկված ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների օգտագործման փաստեր: Այդ ամենը հիմք է տալիս կասկածի տակ դնելու առաջիկա ընտրությունների արդար արդյունքը, քանի որ արդեն այս փուլում ընտական օրենսդրության նորմերի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ չեն ապահովվել», - հայտարարել է Արթուր Սաքունցը:
Նրա կարծիքը կիսել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Օկտանյանը: «Վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքները և ճնշման փաստերը հիմք են տալիս կասկածի տակ դնելու առաջիկա ընտրությունների արդար արդյունքը», - հայտարարել է նա:
Նախընտրական քարոզարշավի փուլում ԿԸՀ կանխակալ գործողությունները կասկածներ են հարուցում նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանի մոտ: Բացի այդ, նա մտահոգություն է հայտնել ՀՀ ոստիկանության գործաղությունների առնչությամբ: Նրա ասելով, ընտրակաշառքների մասին հայտարարող ՀՀ քաղաքացիները ոստիկանական բաժանմունք այցելելուց հետո հրաժարվում են իրենց խոսքերից:
Այդուհանդերձ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները` Հանուն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և «Ասպարեզ» ակումբը երկրի քաղաքացիներին զգոնության կոչ են անում: Նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի ասելով, ապրիլի 2-ին 3400 դիտորդ (այդ թվում 100 սփյուռքահայ, 100-ը` Վրաստանից), 38 շարժական խմբեր կդիտարկեն ընտրությունների ընթացքը ավելի քան 1500 ընտրատեղամասերում, ապահովելով ՀՀ տարածքի 75% ծածկույթ, որտեղ քվեարկելու է ընտրողների 97%-ից ավելին: «Բոլոր իրավախախտումները տեղ կգտնեն«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության քարտեզում, ինչի հիման վրա հետագայում բողոքներ կներկայացվեն տարածքային տեղամասեր», - նշել է նա:
ԿԸՀ անգործությանն է բախվել նաև ԱրմԻնֆո-ին թղթակիցը, ով փորձել է պատմել ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի ներկայացուցիչների կողմից կաշառման փորձի մասին, որոնք հավաստիացրել են, թե քվեախցիկներում թաքնված տեսախցիկներ են տեղադրել` քվեարկության գործընթացը վերահսկելու նպատակով: ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանն իր մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի միջոցով փոխանցել է, որ նման բան, պարզապես, հնարավոր չէ` չփորձելով ինչ-որ կերպ ստուգել տեղեկությունը կամ ընթացք տալ հարցին: