Արմինֆո. Վրաստանում Հայաստանի 40-ամյա քաղաքացի է ձերբակալվել «Իգլա» ԶՀՀ մաքսանենգության գործով:
Վրաստանի ՆԳՆ հաղորդման համաձայն, Հայաստանի իրավապահ մարմինների հաղորդման համաձայն, մարտի 27-ին Վրաստանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Թբիլիսիի Նիկոլոզ Բարատաշվիլիի անվան փողոցում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Ռոբերտ Ա.-ին (1977թ. ծնված), որը հետախուզվում էր ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ կետի և 235.1 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, մարտի 25-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, Սամվել Բաբայանին կալանավորելով երկու ամսով` «Իգլա» ԶՀՀ մաքսանենգությանն առնչվող քրեական գործի շրջանակում: Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի ասելով, իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Ավետիս Քալաշյանը հայտարարել է, որ Բաբայանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և դատարանի որոշումը կբողոքարկվի: Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե Բաբայանը խոստովանել է իր առնչությունը ԶՀՀ ներկրման փորձին, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել: Մինչդեռ Բաբայանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղսակից չի ճանաչել տվյալ հանցագործությանը: Այդուհանդերձ, նա հավաստիացրել է, որ գործը քաղաքական բնույթ չի կրում: Մինչդեռ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքը, որի համակարգողն է Բաբայանը, հայտարարել է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հաղորդել էր, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: Մինչդեռ Վրաստանի ՆԳՆ առայժմ չի հաստատում հայկական կողմի այն տեղեկատվությունը, թե Վրաստանի տարածքով «Իգլա» ԶՀՀ Հայաստան ապօրինի տարանցման փորձ է ձռնարկվել: