Արմինֆո.Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը մտադիր է իշխանափոխության հասնել հետընտրական զանգվածային բողոքի ակցիաների միջոցով: Այդ մասին հայտարարել է դաշինքի առաջնորդներից մեկը` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այս անգամ մենք պետք է օգտագործենք բողոքի և ինքնապաշտպանության ձևերը` հայ ժողովրդի ձայնը պաշտպանելու նպատակով: Այս անգամ մենք ստանձնում ենք փողոցում, ընտրատեղամասում, եթե պետք է` բանտում, մեր պայքարը մղելու պարտավորություն` իշխանությունը վերջապես ժողովրդին վերադարձնելու նպատակով», - հայտարարել է Հովհաննիսյանը լրագրողներին: Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել համախմբվել այդ պայքարում և ստեղծել դիմադրության օջախներ` եթե իշխանությունները կրկին դիմեն կեղծարարության մեխանիզմներին: «Հայ ժողովուրդը պետք է ազատվի: Եթե ընտրությունների ճանապարհով, ապա դա տեղի կունենա ապրիլի 2-ին, եթե` ոչ, ապա դա կսկսվի ապրիլի 3-ից: Եթե ժողովուրդն ասի, որ ընտրությունները հերթական անգամ կեղծվել են, որ ինքը պատրաստ է ոտքի ելնել, ապա մենք օր ու գիշեր կկանգնենք` մինչև այդ հարցի լուծումը: Հուսով եմ` առանց արյան, եթե մյուս կողմը չդիմի իր հայտնի մեթոդին», - նշել է նա: