Արմինֆո. Հայաստանի առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ուղիղ տեքստով ՀՀ քաղաքացիներին կոչ է արել քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Այդ մասին ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի երրորդ համար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի համար նվաստացուցիչ պայմաններով «խաղաղության գաղափարախոսության» քարոզման ստվերային կոալիցիա են կազմել: Նա նաև ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի աճող ագրեսիան պայմանավորված է Սերժ Սարգսյանի կեղծ «խաղաղասիրությամբ»: Նշենք, որ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումների գնալու, այդ թվում՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու կոչ է արել: Նա նաև ռեվերանսներ է արել դեպի Հայաստանի ներկայիս իշխանությունների հասցեին: