Արմինֆո. Հայաստանը պատրաստ է տրամաբանական հարաբերություններ հաստատել թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ, եթե նրանք պատրաստ լինեն բանակցությունների: Մարտի 20-ին այդ մասին հայտարարել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը պատկերացնում խաղաղությունն ու բարիդրացիությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
«Մենք պատրաստ ենք տրամաբանական հարաբերություններ հաստատել հարևանների հետ, եթե մեր հարևանները պատրաստ լինեն բանակցությունների: Այդ առնչությամբ ես չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց մենք նստենք և պայմանավորվենք խաղի կանոնների շուրջ: Դա չի նշանակում, թե մենք կբարեկամանանք, սակայն դա նշանակում է, որ մենք, հնարավոր է, պայմանավորվենք, թե ինչպես համատեղ ապրենք հարևանության պայմաններում, մեկ տարածքում», - ասել է Կարապետյանը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են քննադատել ՀՀԿ-ին տարբեր հարցերի առնչությամբ, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀԿ-ն անխոցելի է, քանի որ Ղարաբաղի ինքնորոշմանը և շփման գծին կուսակցությունը վերաբերվում է որպես սեփական արժանապատվության, ինքնասիրության և նույնականության հարցի: Նրա ասելով, հենց ելնելով դրանից, ՀՀԿ-ն իր կարգախոսում ուշադրությունը սևեռել է անվտանգության հարցերին: