Արմինֆո.Արթուր Սարգսյանի հիշատակի ակցիայի մասնակիցները, հասնելով կառավարության շենքին, իրենց գրավոր պահանջներն են ներկայացրել գործադիր ներկայացուցչին, որը խոստացել է վաղը նրանց փոխանցել կառավարության պատասխանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են Սարգսյանին թաղել Եռաբլուրում և պատասխանատվությնա ենթարկել նրա մահվան հետ առնչություն ունեցող բոլոր մեղավորներին:
Այնուհետև ակցիայի մասնակիցները որոշել են կրկին ընթանալ Ազատության հրապարակ, անցկացնել այնտեղ անժամկետ պիկետ և որոշումներ ընդունել հետագա անելիքների մասին:
Սարգսյանը մահացել է նախօրեին, 25 օր տևած հացադուլից հետո: Իրավապահ մարմիններն սկսել են Սարգսյանի մահվան հետ կապված հետաքննությունը: Սարգսյանի հարազատների խնդրանքով կիրականացվի միջազգային փորձագետների մասնակցությամբ դատաբժշկական փորձաքննություն:
Սարգսյանի մահվան կապակցությամբ հայտարարություններով հանդես են եկել բազմաթիվ քաղաքական ուժեր, այդ թվում նաև իշխող Հանրապետական կուսակցությունը, իր ցավակցությունը հայտնելով նրա ընտանիքին և ազգականներին: Որոշ քաղաքական ուժեր որպես սգո նշան արդեն դադարել է նախընտրական քարոզարշավը, իսկ արմատական ընդդիմությունը տեղի ունեցած մեջ մեղադրում է իշխանություններին:
Նշենք, որ Սարգսյանը ձերբակալվել էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մարտի 5-ին գլխավոր դատախազը բավարարել էր «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով: Նա կալանավորվել էր, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել մի շարք ծանր հիվանդությունների առնչությամբ, որոնք անհամատեղելի են կալանքի պայմանների հետ: Սակայն փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին կալանավորել էին` խափանման միջոցը խախտելու համար: Դրանից հետո նա հացադուլ էր հայտարարել, և նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: Մարտի 16-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց: