Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Խաչիկ Մանուկյանը Մաստարայում կայացած նախընտարկան հանդիպման ժամանակ նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է քարոզարշավի ընթացքից, սակայն լինում են դեպքեր , երբ ՀՀԿ գյուղապետերը խոչընդոտում են հանդիպումները:
«Այդպես, օրերս ՀՀԿ-ական գյուղապետերից մեկն ինձ հետ հանդիպման չեկավ, հետն էլ արգելեց, որ համայնքի բնակիչները գան հանդիպման»,- ասաց նա: Ի դեպ, թեկնածուն նշեց, որ չի կարծում, թե ՀՀԿ-ական գյուղապետ լինելը ինչ որ վարչական լծակ է, պարզապես այստեղ գաղափարի խնդիր է. «Մարդ մի քիչ խելք պիտի ունենար, որ չխանգարեր: Եթե եկել եմ, ուրեմն բան ունեմ ասելու-ներկայացնելու, գուցե հենց համայնքի համար եմ մի լավ բան ասում, ինչո՞ւես խանգարում»,– ասաց նա: Ի դեպ, նա նկատեց, որ Արագածոտնում էլ առկա է այն լրջագույն խնդիրը, որ այս օրերին ակնհայտ է դարձել նաև մյուս մարզերում՝ «մի ամբողջ 60 հոգով իմ դեմ են աշխատում, չգիտեմ էլ թե ինչի համար»: Ինչ վերաբերում է կոնկրետ իր խոստումներին, ապա Խաչիկ Մանուկյանը նշեց, որ ոչինչ չի ուզում խոստանալ ու օրենքով չի էլ կարող խոստանալ իր ընտրողներին, ընդամենը առաջարկում է իրենց ձայները տալով՝ միանալ իր գաղափարներին, որպեսզի հնարավոր լինի բարեփոխում իրականացնել ժողովրդի վիճակը բարելավելու համար:
Ինչպես նշում էին համայնքի բնակիչները՝ բացի Ծառուկյանից ու Մանուկյանից իրենք որևէ մեկին չեն ճանաչում ու բացի նրանցից ոչ մի թեկնածու իրենց դուռը չի եկել ու խնդիրներով չի հետաքրքրվել: Իսկ Մանուկյանը դեռ տարիներ առաջ, երբ ԱԺ պատգամավոր էր, համայնքի համար մի շարք ծրագրեր է իրականացրել ու աջակցություն ցուցաբերել: Մի տղամարդ էլ նշեց, որ Մանուկյանի հիմնական մրցակից է համարվում նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը «բայց դրա սֆաթը հեչ տեսած չինք, գա ստեղ ինչ ընի՝ ծերանոց ա սա դառել, ջահել-ջհուլ գնացել են ռուսաստաններ, մենք մնացել ենք մեռնելու: Գոնյա նենց մեկը ընտրվի, որ մեր տեղը հիշում ա ու օգնում ա, ոչ թե խոպաններում հարստացած ախպերների ձեռքն ընգնինք, չիմանան մեզ ոնց էն աշխարհ ճամփին»: