Արմինֆո.Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու, պետական գույքի կառավարման վարչության ղեկավար և ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի կողմնակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու, «Չերի» ռեստորանի սեփականատեր պատգամավոր Վահան Կարապետյանի նկատմամբ:
Այդ առնչությամբ «Ծառուկյան» դաշինքի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին: Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը: Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական և վճռական և նույն ոգևորությամբ թե՛Վահանը և թե՛ մեր ողջ թիմը շարունակելու է քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»:
Ինքը` Արման Սահակյանը, հավաստիացրել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, և կատարվածի մեջ պետք չէ ենթատեքստ փնտրել:
Հիշեցնենք, որ սա ընտրությունների նախաշեմին Արման Գալստյանի մասնակցությամբ առաջին նման միջադեպը չէ: Ավելի վաղ նրա տիկնոջ անունը հոլովվել էր Արման Սահակյանի օգտին քվեարկելու համար Աջափնյակ համայնքում վերագրանցման նպատակով ընտրողներին կաշառելու պատմությունում: Փաստի առնչությամբ քննություն է անցկացվում:
Նախընտրական քարոզարշավն աչքի է ընկնում ՀՀԿ և նրա թեկնածուների հատկապես ագրեսիվ տրամադրվածությամբ, չնայած երկրի բարձրագույն ղեկավարության հավաստիացումներին, որ ընտրական գործընթացը պետք է լինի բյուրեղյա մաքրության և ժողովրդավարական: Օրերս երկու միջադեպ էր տեղի ունեցեծ Ջրառատ գյուղում` ՕՐՕ դաշինքի և ՀՀԿ կողմնակիցների միջև, ինչի արդյունքում կան վիրավորներ: Ավելի վաղ Արագածոտնի մարզում ՀՀԿ պատգամավորության թեկնածու Բազմասեր Առաքելյանը ծեծել էր ՀՅԴ կողմնակցին: