Արմինֆո.
Մի քանի քաղաքական ուժեր դադարեցրել են քարոզարշավը` Արթուր Սարգսյանի (Հաց բերող) մահվան առնչությամբ:
Մասնավորապես, «Ծառուկյան» և ՕՐՕ դաշինքները հանդես են եկկել հայտարարություններով, որոնցում նշել են, որ մարտի 17-ին և 18-ին ոչ մի քարոզչական միջոցառում չեն անցկացնելու: ՕՐՕ դաշինքում կարծում են, որ Հաց բերողի ինքնազոհաբերումը պետք է մղի բոլորիս համախմբման եւ համատեղ պայքարի հանուն իշխանափոխության: «Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի եւ նրա առողջ ուժերի համախմբման եւ իշխանափոխություն իրականացնելու հրամայականով», - ընդգծվում է ՕՐՕ հայտարարությունում:
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, իր հերթին, հայտարարել է, որ Արթուր Սարգսյանի մահը մեծ ողբերգություն է երկրի բոլոր քաղաքացիների համար: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը նույնպես ափսոսանք է հայտնել Արթուր Սարգսյանի մահվան առնչությամբ` դատապարտելով համապատասխան մարմինների կողմից նրա նկատմամբ մարդու իրավունքների և քրեական օրենսգրքի խախտումները: ՀԱԿ-ը պահանջել է բացահայտել Արթուր Սարգսյանի մահվան պատճառները և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Մինչդեռ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Արթուր Սարգսյանին սպանել են իշխանությունները` կիրառելով խոշտանգում: Նրա համոզմամբ, իշխանությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին, որպեսզի հացադուլի ընթացքում կալանավորն անհրաժեշտ ամեն ինչ ստանար, սակայն նրանք անգործություն են դրսևորել:
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, իր հերթին, քաղաքական ուժերին կոչ է արել չշահարկել Արթուր Սարգսյանի մահը: Ինչ վերաբերում է մահվան պատճառներին, ապա նա գնահատականներ չի տվել, հավելելով, որ դա մասնագետների գործն է: «Եթե փորձաքննության ընթացքում պարզվի, որ տեղ են գտել անբարեխիղճ գործողություններ, օրենքի խախտումներ, ապա, կարծում եմ, մեղավորները կպատժվեն», - ընդգծել է Շարմազանովը: Հանրապետականն ընդսմին նշել է, որ կալանավայրում Արթուր Սարգսյանը մի քանի անգամ հրաժարվել է բուժօգնությունից` չնայած առողջական վիճակի վատթարացմանը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» սնունդ հասցնելու համար կալանավորված Արթուր Սարգսյանը դեկտեմբերի վերջին ազատ էր արձակվել ստորագրությամբ` կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների առկայության առնչությամբ: Սակայն փետրվարի 9-ին կրկին կալանավորվել էր «խափանման միջոցի պայմանները խախտելու» պատճառով: Դրանից հետո Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարրաել, հրաժարվելով բուժօգնությունից, ինչի հետևանքով նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր: Մարտի 5-ին նրան ազատ էին արձակել` մի շարք պատգամավորների երաշխավորությամբ: Մարտի 16-ին ծայրահեղ ծանր վիճակում Արթուրին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ վիրահատությունից հետո նա մահացել է: