Արմինֆո. ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ բժշկական կենտրոնից վերցվել են Ա.Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
«ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակներում», - ասվում է հաղորդագրությունում:
Ըստ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների, Արթուր Սարգսյանը հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին, ժամը 18.50-ին` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ։ Վիրահատվել էր գիշերը` անհետաձգելի ցուցումներով։ Վիրահատության ընթացքում պարզվել էր, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել էր ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։ Հիվանդին միացվել էր արհեստական շնչառության սարք։ Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին` չի հաջողվել Արթուր Սարգսյանի կյանքը փրկել։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մարտի 5-ին գլխավոր դատախազը բավարարել էր «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների միջնորդությունը:
Նախօրեին Արթուր Սարգսյանի մահվան լուրը հարյուրավոր մարդկանց բողոքի ակցիայի էր հանել` ընդդեմ իրավապահ մարմինների գործողությունների:Ազատության հրապարակից մեկնարկած հանրահավաք-երթի ընթացքում, հնչել են արդարության և մեղավորներին պատժելու կոչեր: Ցուցարարները վանկարկել են «Սերժիկ մարդասպան», «Գլխավոր դատախազի հրաժարականը» բովանդակությամբ կարգախոսներ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ կկազմակերպեն շուրջօրյա նստացույց, պահանջելով երկրի ղեկավարի հրաժարականը: Նրանք Հայաստանի քաղաքացիներին կոչ են արել մարտի 17-ին հավաքվել Ազատության հրապարակում և իրենց վերաբերմունքն արտահայտել այդ ողբերգական միջադեպի կապակցությամբ: Բողոքի ակցիայի մասնակիցների ուղեկցել են ոստիկանության ուժեղացված կարգախմբեր: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց կոչ է աևել չլարել իրավիճակը: Նրա ասելով, առաջիկայում Հայաստանի գլխավոր դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ: «Այսօր, այժմ նման միջոցառումների ժամանակը չէ», - փորձել է ցուցարարներին հանգստացնել Երևանի փոխոստիկանապետը: