Արմինֆո.Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ պետք է անմիջապես նախաձեռնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ և այդ ընթացակարգի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու համար Ա.Սարգսյանի մահվան հանգամանքերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Աղբյուրի համաձայն, այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամարդելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ ցուցաբերվելու է խիստ հետևողականություն:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Արթուր Սարգսյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական, այդ թվում՝ ամենօրյա այցերի ընթացքում:
Ըստ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների, նա հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին, ժամը 18.50-ին` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ։ Վիրահատվել էր գիշերը` անհետաձգելի ցուցումներով։ Վիրահատության ընթացքում պարզվել էր, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել էր ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։ Հիվանդին միացվել էր արհեստական շնչառության սարք։ Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին` չի հաջողվել Արթուր Սարգսյանի կյանքը փրկել։
Նշենք, որ Սարգսյանը ձերբակալվել էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մարտի 5-ին գլխավոր դատախազը բավարարել էր «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների միջնորդությունը: