Արմինֆո.Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ նախընտրական բռնությունը շարունակություն չի ունենա: Այդ մասին նա ասել է լպրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Ջրառատում վերջին իրադարձությունները:
Նրա կարծիքով, նախընտրական քարոզչության ընթացքում բռնության գործադրման հետ կապված մեծ պատասխանատվություն է ընկնում իրավապահ մարմինների վրա: «Քանի որ այլ երկրների օրինակով գիտենք, որ եթե բռնությանը համապատասխան գնահատականներ չեն հաջորդում, այն կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ»,- նշել է նա: Սվիտալսկին հույս է հայտնել, որ իրավապահ մարմիները բարձր մակարդակով կկատարեն իրենց աշխատանքը, քանի որ բռնության հետագա գործողությունների կանխումն իրենց անմիջական պարտականությունն է:
Դիվանագետը նշել է, որ դեռ այդ միջադեպերը քաղաքական մակարդակով չի քննարկել երկրի իշխանությունների հետ: «Մենք ամեն բան թողել ենք իրավապահ ինստիտուտներին: Ըտրությունների հարցով հատուկ խորհրդականն ամենօրյա կապի մեջ է ոստիկանության, իրավապահ այլ մարմինների հետ»,- հայտարարել է նա՝ հայտնելով բռնության նման դրսևորումների առնչությամբ Բրյուսելի մտահոգության մասին: «ԵՄ-ն նախկինում երբեք այսքան մեծ ուշադրություն չի դարձրել Հայաստանում նախընտրական քարոզարշավին»,- նշել է նա: Դիվանագետը գտնում է, որ նոր ընտրական տեխնոլոգիաների հաջող կիրառումը կհանգեցնի ընտրական գործընթացների որակի բարելավմանը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՀՀԿ Ջրառատի կառույցի անդամները զինված հարձակում են գործել ՕՐՕ դաշինքի համակիրների նկատմամբ, ինչի հետևանքով երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն։ Ըստ բժշկական հետազոտության նախնական արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի: Ջրառատ գյուղում միջադեպ էր արձանագրվել նաև մարտի 12-ին` ՕՐՕ դաշինքի կողմնակիցների և համայնքի ղեկավար Լեռնիկ Երանոսյանի միջև: